15:07 | 25.11.14 | Նորություններ | 2624

Մեսրոպատառ դոմեյնային տիրույթը կգործարկվի հաջորդ տարի

Նոյեմբերի 20-ին ICANN կազմակերպությունը որոշում է կայացրել գրանցել «.հայ» մեսրոպատառ դոմեյնային տիրույթը:

Այս մասին այսօր հայտարարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Նախաձեռնության հեղինակը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն է, որը հանրային քննարկումների արդյունքում հետաքրքրված կողմերի հետ համաձայնեցրել է հայատառ դոմեյնային տիրույթի անվանումը:

Գրիգոր Սաղյանի խոսքով, «.հայ» դոմեյնի օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Հայաստանում եւ Սփյուռքում, կնպաստի հայկական տառատեսակների ավելի ակտիվ ինտեգրմանը ժամանակակից բջջային սարքերում, ինչպես նաեւ թույլ կտա զարգացնել հայերեն լեզվի իմացության մակարդակն ինտերնետում:

«Առանց պետական աջակցության հնարավոր չէր լինի հայատառ դոմեյնային տիրույթ գրանցել, հետեւաբար ICANN-ում գրանցվելու ընթացքում մենք ստացել ենք պետության աջակցությունը: Դոմեյնային տիրույթ բացելու համար ICANN-ին հնարավոր է մի քանի հազար դոլար վճարենք: Այս պահին դեռ ոչինչ հստակ չէ: Տիրույթը կգործարկվի 3-6 ամիսների ընթացքում»,- ասել է Սաղյանը` դժվարանալով նշել, թե որքան կարժենա հայալեզու տիրույթում կայքի գրանցումը: 

«Այս պահին 35 երկիր կամ լեզվական հանրույթ ունեն իրենց ազգային տիրույթները: Մեր հարեւաններից Վրաստանն, օրինակ, նրանց շարքում է: Տարածաշրջանի մակարդակով շուրջ 17 լեզու կրող համայնքներ ունեն իրենց ինտերնետային տիրույթները»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ, ICANN կազմակերպության Ասիայի եւ Խաղաղ Օվկիանոսյան տարածաշրջանի նախագահ Սիրանույշ Վարդանյանը: 

Նրա խոսքով, որոշ երկրներում ազգային լեզվով դոմեյնային տիրույթի մշակույթը շատ արագ է տարածվել: Օրինակ, Ռուսաստանում մի քանի ամիսների ընթացքում 800 հազ. ռուսալեզու դոմեյններ են գրանցվել: Բայց այս պահին Հայաստանի համար որեւէ վիճակագրություն հնարավոր չէ կանխատեսել:
«Մեսրոպատառ նոր դոմեյնի ներդրումն ունի ոչ միայն խորհրդանշական, այլեւ պրակտիկ նշանակություն: Հաշվի առնելով այն, որ մեր հնչյունները շատ ավելին են, քան լատինական այբուբենի տառերը, լատինատառ դոմեյն վերցնելիս խնդիրներ են առաջանում: Մեսրոպատառ դոմեյնները նաեւ թույլ կտան հստակեցնել անվանումները»,- նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նշենք, որ այս պահին .am տիրույթում, որը սկսել է գործել 1994 թ-ից, գրանցված է մոտ 22 հազ. դոմեյն: Իսկ ազգային լեզվով առաջին դոմեյնը գրանցել է Չինաստանը: Վերջինս նաեւ ամենամեծ ջանքերն է ներդրել, որպեսզի ազգային լեզվով դոմեյններ ունենալու գաղափարը դառնա իրականություն: