13:35 | 05.11.14 | Նորություններ | 1172

Վարչապետը հանդիպել է ՏՀՏ ոլորտի ղեկավարների հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նվիրված խորհրդակցություն:

Վարչապետը վերահաստատել է, որ ՏՀՏ բնագավառը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել ոլորտի առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը եւ նոր ծրագրերի իրականացմանը:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի եւ հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները բարձրակարգ սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին:

Ըստ ծրագրի նախաձեռնողների, դա կնպաստի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը եւ ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրելուն:  Այդ նպատակով մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել իրականացնել կապիտալ ներդրումներ:

Հովիկ Աբրահամյանը ողջունել է ծրագրի իրականացումը եւ հայտնել է ՀՀ կառավարության աջակցությունը: