13:28 | 29.10.14 | Նորություններ | 3485

    Armenia Unity Users Group. Խաղերի ստեղծման Unity գործիքի հայ օգտատերերը միավորվել են մեկ խմբում

    Հայաստանում արդեն 4 ամիս է ինչ գործում է Armenia Unity Users Group-ը, որի անդամների թիվը վերջերս անցել է 1000-ի սահմանը:

    Unity-ն 2D եւ 3D հավելվածների եւ խաղերի ստեղծման ու մշակման համար նախատեսված գործիք է, որն աշխատում է Windows եւ OS X օպերացիոն համակարգերում:

    Unity-ի միջոցով ստեղծված հավելվածները գործում են Windows, OS X, Windows Phone, Android, Apple iOS, Linux օպերացիոն համակարգերում, ինչպես նաեւ Wii, PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One խաղային կցորդներում:

    «Unity-ն խաղեր ստեղծելու համար նախատեսված գործիք է: Եթե խաղ ստեղծելու գործընթացում որոշես առանց նմանատիպ գործիքի աշխատել, ապա աշխատանքային պրոցեսը կտեւի բավական երկար, հետեւաբար մեկ խաղ պատրաստելը կարող է տարիներ տեւել:  Իսկ Unity-ն թույլ է տալիս 24-ից ավելի հարթակների վրա շատ ավելի արագ 2D եւ 3D խաղեր պատրաստել՝ սկսած Samsung TV-ից մինչեւ համակարգիչ: Կարելի է անգամ մեկ հարթակի վրա խաղ պատրաստելուց հետո այն մի փոքր ձեւափոխել եւ տեղադրել նաեւ մյուս պլատֆորմների վրա»,- Itel.am-ի հետ զրույցում նշել է Armenia Unity Users Group-ի հիմնադիր Վարդան Մելիքսեթյանը:

    Նա պատմել է, որ հետաքրքրվելով եւ տեսնելով, որ Unity-ն խաղեր պատրաստելու ամենահարմար գործիքներից մեկն է, որոշել է մեկ խմբում համախմբել Հայաստանում Unity օգտագործողներին եւ առհասարակ խաղերի մշակմամբ հետաքրքրվողներին:

    Խումբը յուրահատուկ հարթակ է նաեւ խաղային արդյունաբերության համաշխարհային միտումներին ծանոթանալու ցանկություն ունեցող հայ օգտատերերի համար:

    Itel.am-ի հետ զրույցում Վարդան Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ մոտ ապագայում խումբը կունենա միջազգային համագործակցության հետ կապված նորություն, ինչի մասին կպատմենք հետագայում:

    Շուտով պատրաստ կլինի նաեւ unity3d.am կայքի հայերեն տարբերակը: