11:06 | 07.10.14 | Նորություններ | 11899
Վերջերս ստեղծված AutoTuganq անվճար հավելվածը թույլ է տալիս վայրկյանների ընթացքում ստուգել տուգանքի չափը:
Չնայած այն փաստին, որ AutoTuganq-ը չի ստեղծվել կամ հաստատվել ՀՀ Ոստիկանության կողմից, այն հարցում է կատարում ՀՀ Ոստիկանության տրամադրած բաց տվյալների բազային՝ տրամադրելով ամենաթարմ ու արդիական ինֆորմացիան հենց սկզբնաղբյուրից:
Ինչպես Itel.am-ի հետ զրույցում նշել է հավելվածի հեղինակ, ծրագրավորող Կարապետ Գյումջիբաշյանը, հավելվածը ստեղծվել է Թումոյում անցկացված Android ծրագրավորման դասընթացներին մասնակցելու արդյունքում:
«Ես վարորդ չեմ, հետեւաբար չեմ կարող ասել, որ հավելվածն ինձ համար եմ պատրաստել: Փոխարենն ունեմ վարորդ ընկեր, ով հաճախ նյարդայնանում էր, երբ երկար ժամանակ էր պահանջվում ստուգելու համար, թե որքան տուգանք է եկել: Հենց նա էլ ինձ առաջարկեց ստեղծել հավելված, որը կհիշի տեխանձնագրի եւ ավտոմեքենայի տվյալները, եւ ընդամենը մեկ կոճակ սեղմելու միջոցով հնարավոր կլինի իմանալ տուգանքի չափը»,- պատմել է ծրագրավորողը՝ հավելելով, որ նախ հետազոտել է հայկական շուկան եւ պարզել, որ այստեղ նման հավելված գոյություն չունի:
Ինչ վերաբերում է կոմերցիոն շահին, ապա, հավելվածի հեղինակի խոսքով, ինքը նման նպատակ դեռ չունի:
«Հավելվածի նպատակն է հայկական արտադրության հավելվածների շուկայի զարգացումը, եւ Google Play-ում ու Apple Store-ում հայկական բովանդակության ավելացումը: Հավելվածի մեջ առկա է գովազդ, բայց այն միայն հետազոտական նպատակ է հետապնդում: Փորձում եմ պարզել, թե արդյոք հնարավոր է հայկական շուկայում գովազդի վրա աշխատող լուրջ հավելված զարգացնել: Գաղտնիք չէ, որ շուկայի քիչ հետազոտված լինելը խանգարում է հասկանալ, թե մարդիկ ինչ նախապատվություններ ու պահանջներ ունեն, իսկ փորձնական տեղադրված գովազդը թույլ կտա հասկանալ, թե ինչով է շուկան շնչում»,- ասել է Գյումջիբաշյանը՝ հավելելով, որ հետագա տարբերակներում, երբ հետազոտության արդյունքները պատրաստ լինեն, գովազդը հավելվածից կհանվի:
Նրա խոսքով, հավելվածի հետագա տարբերակներում հնարավոր են բարելավումներ, oրինակ, մեկ ավտոմեքենայի փոխարեն միանգամից երեք ավտոմեքենայի տվյալների հիշում: Դիտարկվում է նաեւ հենց հավելվածի միջոցով տուգանքի վճարման հնարավորությունը: