13:16 | 19.09.14 | Նորություններ | 3889

Orange Հիմնադրամի աջակցությամբ Սյունիքի մարզում անվճար բժշկական ծառայություններից օգտվել է շուրջ 1,500 մարդ

Ամփոփվել են Սյունիքի մարզում Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի համատեղ ծրագրի արդյունքները, որի շրջանակներում  մարզի բնակիչների համար անցկացվել են անվճար ակնային զննումներ, ինչպես նաեւ իրականացվել են բուժումներ եւ վիրահատություններ:

Շուրջ 1 500 մեծահասակներ անցել են ակնային հետազոտություն, աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է 337 վիրահատություն:

«Այս լայնամասշտաբ ծրագիրը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ միասին, հավանաբար Orange Հիմնադրամի իրականացված ամենատպավորիչ նախագծերից է, քանի որ այն շոշափելի կերպով բարելավում է հազարավոր մարդկանց կյանքը: Հպարտ ենք, որ 2011 թվականից ի վեր, երբ մենք սկսեցինք համագործակցությունը Հայկական ակնաբուժության ծրագրի հետ, ավելի քան 66 000 մարդ oգտվել է անվճար ակնաբուժական ծառայություններից: Պատրաստվում ենք շարունակել այս համագործակցությունը` ակնաբուժական ծառայությունները դարձնելով առավել հասանելի Հայաստանի մարզերի բնակիչներին», ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:

Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի համատեղ 2014 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ Հայաստանի հինգ մարզերում նախատեսվում է հետազոտել 11 300 մեծահասակների եւ 4 600 երեխաների, տրամադրել շուրջ 2 000 ակնոց: Արդեն իրականացվել է այս տարվա ծրագրի Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի փուլերը: Շարժական հիվանդանոցում այս տարվա ընթացքում կիրականացվի ընդհանուր թվով 1 000-ից ավելի վիրահատություն եւ լազերային բուժում:

Ծրագրի հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել Արմավիրի մարզում:

Սկսած 2011 թ.՝ ՀԱՆ-ի եւ Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ ավելի քան 66 000 հոգի (մոտ 54 000 մեծահասակներ եւ 12 000 երեխաներ) անցել են ակնային զննումներ, 8 487 բնակիչներ անցել են կրկնակի մանրամասն հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, իրականացվել է 5 044 վիրահատություն եւ լազերային բուժում, դուրս է գրվել 23 631 ակնոց: