16:08 | 29.08.14 | Նորություններ | 1100
Այսօր կառավարությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանության միջեւ ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ հուշագիրը ստորագրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Հուշագրով Վայոց ձորի բոլոր հանրակրթական դպրոցները կհամալրվեն նոր համակարգիչներով: Ուսումնական հաստատություններում կձեւավորվի նաեւ ներքին ցանց:
Մինչ այդ կառավարությունում կայացել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուինի հանդիպումը:
Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ:
Հանդիպմանը դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հայաստանյան ընկերություններ այցելելու են Հնդկաստան՝ մասնակցելու խոշոր ցուցահանդեսի: Կողմերը հույս են հայտնել, որ դա եւս կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը: