12:05 | 24.07.14 | Նորություններ | 3967

    ԱրմԹաբ-ի արտադրողը աշխատանքի է հրավիրում

    «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերությունը, որը հայկական արտադրության ԱրմԹաբ դյուրակիր համակարգիչների եւ Արմֆոն հեռախոսների նախաձեռնողն ու արտադրողն է, հայաստանյան բուհերի ինժեներական կրթությամբ ուսանողներին եւ շրջանավարտներին առաջարկում է աշխատանք ընկերության արտադրամասում:

    Ներկայացվող աշխատատեղերի թվում են հետեւյալ թափուր հաստիքները՝

    -    բաղկացուցիչ մասերի թեստավորման ինժեներ;
    -    արտադրանքի թեստավորման ինժեներ;
    -    սարքերի օպերատոր;
    -    տեխնիկական սպասարկման մասնագետ;
    -    շահագործման գծով պատասխանատու ինժեներ;
    -    արտադրության աշխատակից;
    -    ցանցային ադմինիստրատոր;
    -    արտադրության ղեկավարի օգնական;
    -    դիզայներ եւ այլն:

    Ընկերությունը ներկայումս իրականացնում է արտադրական բուն գործընթացի կազմակերպման լայնածավալ աշխատանքներ` արտադրամասի վերանորոգում եւ վերազինում, ինչպես նաեւ համապատասխան ենթակառուցվածքների մշակում: 

    Ընկերությունը համապատասխան թափուր աշխատատեղերի ցանկը ներկայացրել է նաեւ Երեւանում գործող 6 բուհերին՝ Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Հայաստանում Ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտ, Հայաստանի ամերիկյան համալսարան:

    2013 թ.-ին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը Երեւանի ազատ տնտեսական գոտում նախաձեռնել է դյուրակիր համակարգիչների, հեռախոսների եւ տեխնոլոգիական այլ սարքավորումների հավաքման, թեստավորման եւ որակի վերահսկման կազմակերպման աշխատանքներ՝ նպատակ ունենալով հայաստանյան, տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում ներկայացնել հայկական ապրանքանիշը:

    Դյուրակիր համակարգիչների առաջին խմբաքանակը նախատեսվում է արտադրել արդեն այս տարեվերջին:

    «Թեքնոլոջի Ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի հասցեն է՝ Ազատության 27, Երազ բիզնես կենտրոն, #603, հեռախոս՝ +374 11 20 90 18: