14:20 | 06.06.14 | Նորություններ | 4157

ԱրմենՏել-ը շարժական ինտերնետի նոր ծառայություններ է ներկայացրել

ԱրմենՏել ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր ներկայացրել է շարժական ինտերնետի «Անսահմանափակ ինտերնետ Regular» եւ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայությունները, որոնցից օգտվող կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան 30 օրվա ընթացում մուտք գործել համացանց` առանց մեգաբայթային տարիֆիկացման:

«Բջջային կապի շուկայի զարգացման առաջին խթանը շարժական ինտերնետի զարգացումն է: Ներկայացվող ծառայություններով մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք ինտերնետ, որ միշտ կլինի նրանց հետ: Այս առաջարկները ոչ միայն պարզ են, հարմար, այլեւ բավական մրցունակ ու մատչելի»,- ասել է ԱրմենՏել-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը` համոզմունք հայտնելով, որ դրանք շուտով մեծ պահանջարկ են վայելելու` մատչելի լինելու եւ մեգաբայթային տարիֆիկացման սահմանափակումներ չլինելու շնորհիվ:

«Անսահմանափակ ինտերնետ Regular» ծառայության ամսական բաժանորդային վճարը 2000 դրամ է, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium»-ինը` 3500 դրամ: Առաջինին կարելի է միանալ` զանգահարելով 067470 համարին, հավաքելով *110*70# USSD հրահանգը կամ 0674 համարին ուղարկելով SMS հաղորդագրություն «70» տեքստով:

«Անսահմանափակ ինտերնետ Premium»-ին միանալու համար պետք է 0674 համարին SMS հաղորդագրություն ուղարկել «80» տեքստով, զանգահարել 067480 համարին կամ հավաքել *110*80#  USSD հրահանգը: «Անսահմանափակ Ինտերնետ Regular» ծառայությունն ակտիվացնելիս գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչեւ 256 Կբ/վրկ, իսկ «Անսահմանափակ ինտերնետ Premium» ծառայության դեպքում՝ մինչեւ 512 Կբ/վրկ։

“ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենը նկատել է, որ ծառայությունների տրամադրման 30-օրյա ժամկետի ավարտից 2 օր առաջ բաժանորդը SMS հաղորդագրության միջոցով տեղեկացվում է այդ մասին, իսկ 30-րդ օրվա վերջին, բաժանորդի հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում, բաժանորդից գանձվում է ծառայության վճարն ու այն տրամադրվում եւս 30 օր ժամկետով:

Անդրեյ Պյատախինի փոխանցմամբ, շարժական ինտերնետից օգտվողների թիվը շարունակաբար աճ է գրանցում. «Մեր միջին շարժական բաժանորդը ամսեկան միջինը 1 Գբ ինտերնետ է սպառում»,- ասել է նա եւ նկատել, որ բաժանորդները հիմնականում օգտվում են որոնողական համակարգերից, սոցիալական ցանցերից եւ ռուսաստանյան ու արտասահմանյան կայքերից:

«Պարզ, հարմար, քեզ համար» քաղաքականության շրջանակներում կապի օպերատորն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նաեւ ռոմինգի հատուկ առաջարկ արտերկիր հանգստի մեկնողների համար: