16:03 | 30.05.14 | Նորություններ | 1073

    ՏՄՊՊՀ-ն 10 մլն դրամով տուգանել է Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին

    «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի դիմումի հիման վրա ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է կատարել համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջեւ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ, ինչի արդյունքում պարզվել է, որ ծառայություններն իրականացնող «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն ոլորտում մենաշնորհային դիրք ունի:

    Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ՏՄՊՊՀ նիստի ժամանակ ասել է հանձնաժողովի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության մասնագետ Վահե Աբրահամյանը:

    Նրա փոխանցմամբ, վերոնշյալ  ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ:

    «Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը՝ «Էյ Բի Սի Դոմեն»-ը տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվեց նաեւ, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրորդային կամ, այլ կերպ ասած, միջնորդների շուկան վերահսկելու նպատակով»,- ասել է հանձնաժողովի մասնագետը:

    Ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքի, շուկայի մնացած 30%-ը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք, սակայն, հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը: Հանձնաժողովը նկատել է նաեւ, որ  բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 000 դրամ, որն ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին», որն իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ, այլ կերպ ասած, հետ վերադարձրել 6 000 դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը:

    «Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 000 դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 000-ը: Մինչդեռ, եթե Կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել»,- նշել է մասնագետը:
    ՏՄՊՊՀ դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը» չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը` կայքերի գրանցման ծառայությունները 6 000 դրամով վաճառելով միջնորդներին, իր հերթին հիմնադրելով «Էյ Բի Սի Դոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70%-ն ու հավելյալ եկամուտներ ստացել: 

    ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշել է, որ հանձնաժողովի որոշմամբ, իրավախախտ ընկերությունը ենթարկվել է 10 մլն դրամի չափով ֆինանսական պատասխանատվության եւ հանձնարարական ստացել քայլեր ձեռնարկել խնդրի վերացման ուղղությամբ:

    Հանձնաժողովի անդամները նշել են, որ վարույթի քննության ընթացում ընկերությունը վերանայել է իր աշխատանքը, ինչի արդյունքում սպառողը նախկին 12 000 դրամի փոխարեն վերոնշյալ ծառայության համար վճարում է 8000 դրամ: