12:19 | 21.05.14 | Նորություններ | 3848
Մայիսի վերջին կներկայացվեն բջջային հայալեզու բովանդակությամբ նոր հավելվածներ, որոնք ստեղծվել են ԱրմենՏել ընկերության (Beeline ապրանքանիշ) աջակցությամբ:
Այս մասին Մեդիամաքս-ի հետ զրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նոր հավելվածները հիմնականում մշակվել են կրթության, մշակույթի եւ առողջապահության ոլորտների համար:
Անդրեյ Պյատախինի խոսքով, ընկերության կողմից հայալեզու հավելվածների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված մի քանի միջոցառումների անցկացումից հետո այդ ոլորտը մեծ մասսայականություն է ստացել:
Մասնավորապես, Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակը ԱրմենՏել ընկերության հետ համատեղ մշակել եւ ներկայացրել են հայալեզու տեսադասընթացների անվճար կրթական հավելված` նախատեսված Windows Phone համակարգով աշխատող հեռախոսների համար:
Կարեւորագույն միջոցառումներից էր նաեւ «AppCON 2013. բջջային բովանդակության զարգացումը Հայաստանում» համաժողովը:
«Հայալեզու հավելվածների ստեղծման գաղափարը շատ կարեւոր է մեզ համար: Մենք շարունակում ենք հանդիպել հայկական ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասել է Անդրեյ Պյատախինը՝ նշելով, որ այդ ընկերություններն աչքի են ընկնում իրենց պրոֆեսիոնալիզմով: