15:32 | 02.04.14 | Նորություններ | 1003
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Մտավոր սեփականության գործակալության եւ ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հանրային քննարկումներ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) իրավաբան Արկադի Սահակյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ նոր օրենքի նախագիծը, որը մշակել է Մտավոր սեփականության գործակալությունը, մի շարք առավելություններ ունի գործող օրենքի համեմատ:
Գործող «Հեղինակային եւ հարակից իրավունքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2006 թվականին: Արկադի Սահակյանի խոսքով, նոր օրենքը հիմնականում պայմանավորված է ԵՄ հեղինակային իրավունքին վերաբերող դիրեկտիվների դրույթների փոփոխությամբ: Իրավաբանի կարծիքով, նոր օրենքի նախագծի առաջին առավելությունը վերաբերում է հաշմանդամություն ունեցող մարդկանց:
«Այս նախագծով տեսողական խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն կունենան օգտվել ստեղծագործություններից եւ վերափոխել հեղինակների ստեղծագործությունները, որպեսզի կարողանան օգտագործել դրանք»,- ասել է նա, նշելով, այս օրենքի նախագծի այս դրույթի համաձայն, հեղինակի թույլտվությունը պարտադիր չէ:
Իրավաբանը հավելել է, որ նոր նախագիծը շտկում է նաեւ համահեղինակների իրավունքները: Եթե ստեղծագործությունն ունի 2 հեղինակ, ապա վերջինիս մահից հետո նրա ժառանգները կարող են օգտվել հեղինակային իրավունքից 70 տարի շարունակ: Իսկ գործող օրենքով համահեղինակի մահից հետո իրավունքները փոխանցվում էին միայն երկրորդ համահեղինակին:
ԻՏՁՄ անդամները նույնպես առաջարկներ են ներկայացրել նախագծում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
«Մեր առաջարկն է եղել, որպեսզի հոսթինգ ծառայություններ մատուցող օպերատորները հնարավորություն ունենան կանխարգելել այն կայքերը, որտեղ տեղի է ունենում հեղինակային իրավունքների խախտում»,- նշել է ԻՏՁՄ իրավաբանը:
«Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի լրամշակումից հետո, այն կներկայացվի ՀՀ կառավարություն: