Telcell վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին:
Այժմ «Թել-Սել» ՓԲԸ պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից հնարավոր է վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:
«2014 թվականի համար ծրագրել էինք կազմակերպել պետական վճարումների, հարկերի, տուգանքների վճարումը մեր տերմինալների միջոցով: Քանի որ տերմինալներից օգտվողները չափազանց պահանջկոտ են ծառայությունների որակի եւ արագության հանդեպ, մեր առջեւ դրված խնդիրը դյուրին չէր: Ծրագրի տեխնիկական գնահատումից հետո պարզ դարձավ, որ e-payments համակարգին միանալը խնդրի առավել ժամանակակից եւ արդյունավետ լուծումն է: Համոզված եմ, որ հաճախորդները կգնահատեն պետական վճարումները առցանց ռեժիմով կատարելու իրենց ընձեռնված հնարավորությունը», - ասել է «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:
«Ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է ձեռք մեկնել եւ իրագործել մասնավոր հատվածի համագործակցության առաջարկները, հատկապես երբ դրանք ուղղված են հանրությանը մատուցվող ծառայություններն առավել հարմար եւ հասանելի դարձնելուն: Այս համատեքստում ողջունում ենք Պետական վճարումների e-payments համակարգին միանալու Telcell-ի նախաձեռնությունը եւ կարծում ենք, որ մեր աջակցությունն ու համատեղ ջանքերն օգտակար կլինեն քաղաքացիներին»,- նշել է ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը: