13:34 | 07.12.13 | Նորություններ | 2605

Orange-ի հետ ևս երկու գյուղում առաջին անգամ հասանելի կդառնան բջջային կապն ու ինտերնետը

Դեկտեմբերի 6-ից Սյունիքի մարզի Դիցմայրի գյուղում հասանելի կլինեն Orange-ի ձայնային և ինտերնետի ծառայությունները:

160 բնակիչ ունեցող այս փոքր գյուղը մինչ օրս որևէ օպերատորի կողմից շարժական կապի ցանցով ծածկված չէր: Այսուհետ Orange-ի նոր բազային կայանի գործարկման շնորհիվ Դիցմայրին կունենա ոչ միայն որակյալ շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ: Հաջորդ շաբաթվանից նույն հնարավորություններից կկարողանան օգտվել նաև դեռևս վաղ միջնադարում հիմնադրված Բնունիս գյուղի 170 բնակիչները, քանի որ այնտեղ նույնպես կգործի Orange-ի կայանը՝ առաջինը գյուղում:

Հաջորդ շաբաթ Բնունիսում և Դիցմայրիում կլինի նաև Orange-ի շարժական խանութը, որը թույլ կտա գյուղի բնակիչներին առանց տեղաշարժվելու ձեռք բերել ինչպես հեռախոսակապի ու ինտերնետի բաժանորդագրություն, այլ նաև հեռախոսներ, մոդեմներ, դյուրակիր համակարգիչներ, աքսեսուարներ:

«Այս կայանները պիտի ապահովեն արագ կապ ինչպես գյուղերի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Orange-ն այն օպերատորն է, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը Հայաստանի քաղաքներում, այլ նաև ստեղծում է ժամանակակից հաղորդակցման հնարավորություններ այսպիսի փոքր գյուղերում: Գոմարանից, Գեղանուշից, Կաճաճկուտից ու Անտառամուտից հետո Բնունիսն ու Դիցմայրին 5-րդ և 6-րդ գյուղերն են, որտեղ Orange-ն է այն առաջին օպերատորը, որը շարժական կապ է ներմուծում: Ինձ համար հաճելի է արձանագրել նաև, որ մենք դա անում ենք պլանավորածից ավելի շուտ, քանի որ խոստացել էինք այս գյուղերում ծածկույթ ապահովել մինչև 2014թ. հունվարը»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարի անց Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 97%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում և Արարատում Orange-ը կառուցել է մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց:

Orange-ի քաղաքականությունն է մշտապես կատարելագործել ցանցի աշխատանքի արագությունն ու թողունակությունն այն քաղաքներում, որտեղ դրա կարիքը կա և ընդլայնել ծառայությունների մատուցումը գյուղական համայքներում՝ մշտապես հոգ տանելով որակի մասին: