15:40 | 06.12.13 | Նորություններ | 9474

Վարչապետը նվեր է ստացել առաջին հայկական պլանշետը

ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի այսօրվա նիստում ներկայացվել են հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) եւ առաջին հեռախոսը (Armphone):

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, հայ-ամերիկյան Technology and Science Dynamics Inc․/Armtab Technologies ընկերությունը նախաձեռնել է հայկական առաջին դյուրակիր համակարգիչների՝ պլանշետների արտադրությունը Հայաստանում:

Ընկերության նախագահ Վահան Շաքարյանն ասել է, որ արտադրության շրջանակում արդեն կան անդրոիդ համակարգով փորձնական հավաքված պլանշետներ՝ 7.85, 9, 9.7 եւ 10.1  դյույմանոց էկրանով, 3G եւ WiFi հնարավորություններով, ինչպես նաեւ առաջին հայկական հեռախոսը՝ Արմֆոնը (Armphone):

Նա նշել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին, իսկ արժեքը վերջիններիս գնի համեմատ կլինի էականորեն ցածր:

Պլանշետների ծրագրային եւ սարքային ապահովման (software եւ hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում եւ Հոնկոնգում:

Նախատեսվում է հայկական պլանշետների զանգվածային արտադրությունը եւ վաճառքը սկսել 2014թ. հունվար-փետրվար ամիսներին՝ արտադրությունում ներգրավելով 25-50 բարձրակարգ հայաստանյան մասնագետ:

Արտադրության առաջին պլանշետը Վահան Շաքարյանը նվիրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին: