13:23 | 13.11.13 | Նորություններ | 1128
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանն այսօր ասել է, որ մտավոր սեփականությանը վերաբերող օրենքում առկա են բազմաթիվ բացեր, եւ դրանք վերացնելու համար մշակվում է նոր օրինագիծ, որն ավելի արդիական եւ պարզ կլինի:
Նրա խոսքով, օրենքի նոր նախագծում մեծ ուշադրություն է դարձվելու համացանցում մտավոր սեփականության պաշտպանությանը, տեսողության խնդիրներ ունեցող անձանց խնդիրներին, հեղինակային, ինչպես նաեւ հրատարակչական, ֆիլմարտադրության պայմանագրերի դրույթների կարգավորմանը եւ մի շարք այլ հարցերին: Նախատեսվում է, որ օրենքի նախագիծը կքննարկվի հասարակական լայն շրջանակներում եւ 2014թ. երկրորդ կեսին կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի Գործարար միջավայրի բարելավման բաղադրիչի ղեկավար Ջոն Դոնսն իր հերթին ասել է, որ «Հայաստանը պետք է արտահանի ոչ թե իր հանճարներին, այլ գաղափարները»:
2013թ. հոկտեմբերից Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) շահերի պաշտպանության եւ բիզնեսի խթանման նպատակով ձեռնամուխ է եղել նոր ծրագրի իրականացմանը՝ «Հանրային շահերի պաշտպանություն եւ հանրային քարոզարշավ՝ հեղինակային իրավունքի օրենքի նախագծի ընդունման նպատակով», այն ֆինանսավորվում է USAID Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի կողմից:
Ներկայացնելով գաղափարը՝ Ջոն Դոնսը նշել է, որ մտավոր սեփականության պաշտպանությունը խիստ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսության ոչ միայն առանձին ճյուղերի, այլեւ ընդհանուր տնտեսության զարգացման համար: