13:24 | 12.11.13 | Նորություններ | 1626
Microsoft կորպորացիայի պատմության ընթացքում ամենաարագ վաճառվող արտադրանքը՝ Office 365 ծառայությունը այսօրվանից հասանելի է Հայաստանում:
Ներկայացնելով պրոդուկտը, Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն ասել է, որ ամպային լուծումներին կից Office 365 փաթեթը պարունակում է Microsoft Office Professional Plus ծրագրային ամբողջական փաթեթը:
Գրիգոր Բարսեղյանի խոսքով, տնային օգտագործողներին Office 365-ը տրամադրում է նաեւ Skype ծրագրով ամսական 60 րոպե միջազգային զանգերի հնարավորություն, SkyDrive ամպային ծառայության հավելյալ 20GB պահեստային ծավալ:
Ծրագիրը նաեւ հասանելի է սմարթֆոնների, Android-ի եւ iOS-ի համար:
Գոյություն ունեն նաեւ հատուկ փաթեթներ փոքր, միջին եւ խոշոր ընկերությունների համար:
Մասնավորապես, կազմակերպություններին Office 365-ը տրամադրում է էլ.փոստի, փաստաթղթերի, կոնտակտների եւ օրացույցների հետ աշխատանքի, աուդիո-վիդեո կոնֆերանսների կազմակերպման եւ կառավարման Exchange Online, SharePoint Online եւ Lync Online ամպային ծառայություններ, ինչպես նաեւ Microsoft Office Professional Plus ծրագրային փաթեթի ամենաթարմ տարբերակը:
Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը տեղեկացրել է, որ կան հատուկ առաջարկներ կրթական հաստատությունների համար եւ միջնակարգ դպրոցներում այդ ծառայություններից կարող են օգտվել անվճար:
Գրիգոր Բարսեղյանի փոխանցմամբ, Microsoft ընկերությունը հնարավորություն է ընձեռնում Հայաստանի բնակիչներին 4 ամիս անվճար օգտվել Office 365 ծառայությունից, ինչից հետո նոր որոշում կայացնել բաժանորդագրվելու վերաբերյալ: Ծրագիրն այս պահին հասանելի է անգլերեն եւ ռուսերեն լեզուներով, սակայն մոտ ապագայում կլինի նաեւ հայերեն:
Ծրագիրը կարելի է ներբեռնել www.office.microsoft.com կայքից: