16:32 | 21.10.13 | Նորություններ | 3813

«Օրրանի» բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերել է 55 մլն դրամ

«Օրրան» ԲԿ 8-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը նվիրաբերել է 55 մլն դրամ:

Հոկտեմբերի 18-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացել է «Օրրանի» 8-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման նպատակը հանրության ուշադրությունը սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ընտանիքների խնդիրների վրա կենտրոնացնելն ու դրամական նոր միջոցներ հայթայթել էր:

Օրվա բանախոսներն են եղել «Օրրանի» նվիրատու եւ տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու` Գրիգոր Գրիգորյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով իր ուղերձում նշել է. «Մեզանից յուրաքանչյուրը հավանաբար երբեւէ փորձել է սահմանել երջանկության բանաձեւը: Ու թեեւ երեւույթների ընկալումը յուրովի է, ակնհայտ է, որ մանկան ժպիտը երջանկություն է յուրաքանչյուրի համար»:

Միջոցառման հյուրերը մասնակցել են հետաքրքիր ժամանցային ծրագրով հագեցած ընթրիքին, թանկարժեք մրցանակներով վիճակախաղին, արվեստի եզակի գործերի կենդանի աճուրդին, ինչպես նաեւ «Օրրանի» սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին:

Երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են իրենց ներդրումը` որոշակի պատասխանատվություն ստանձնելով «Օրրանի» կենտրոններ հաճախող յուրաքանչյուր երեխայի սննդի, կրթության, մշակութային եւ բազմակողմանի զարգացմանն հարցում:

«Օրրան» բարեգործական ՀԿ-ն հիմնադրվել է 2000 թ-ին` երեխաների եւ ծերերի շրջանում աղքատության եւ մուրացկանության տարածումը կանխելու առաքելությամբ: «Օրրանի» երեւանյան եւ վանաձորյան կենտրոններում ամեն օր շուրջ 200 երեխա եւ 60 տարեց օգտվում են ամենօրյա սննդի, առողջապահական, սոցիալական, կրթական, մշակութային համալիր ծառայություններից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է իր առջեւ չափազանց բարդ խնդիր դրած եւ համարձակ լուծումներ առաջարկող կազմակերպության նախաձեռնությունները եւ պատրաստակամորեն շարունակում է աջակցել դրանց: Ընկերությունն արդեն տեւական ժամանակ իր մասնակցություն է ցուցաբերում «Օրրանի» ծրագրերին:

Մասնավորապես` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ 2009թ. հոկտեմբերին հիմնադրվել է «Օրրանի» վանաձորյան մասնաճյուղը:

2011թ. բարեգործական ընթրիքի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նվիրաբերեց ավելի քան 40 մլն դրամ:

«Օրրանի» 7-րդ ամենամյա բարեգործական ընթրիքի ընթացքում Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը հասարակական կազմակերպությանը փոխանցել էր 90 մլն դրամ: 

«Օրրան»-ի այս տարվա հանգանակությունը կազմեց մոտ 94 միլիոն դրամ, որից 55 մլն-ն նվիրաբերել է ՎիվաՍել ՄՏՍ-ը: