17:07 | 11.09.13 | Նորություններ | 4445

Անհետացման եզրին գտնվող կովկասյան հովազը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան»-ում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրել է երեք «թակարդ» տեսախցիկ` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում վայրի բնությանը հետեւելու համար: Տեսախցիկներն ունեն ներդրված հատուկ GSM մոդուլ:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում եւ  ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքը 2011թվականից վերահսկվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից` որպես հատուկ պահպանվող տարածք, ինչին աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բրիտանական Համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) եւ Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն  (ԲՊՄՄ` IUCN NL):

2012թ. գարնանը ապաստարանի անտառապահները նկատել էին հովազի ոտնաթաթի հետքեր եւ գտել վերջինիս մազափնջի եւ կղանքի նմուշները, որոնք ուղարկվել էին Իսրայելում գործող լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Արդյունքում` հաստատվել էր, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերն ապաստարանի տեսախցիկներն արձանագրել էին հովազի պոչը:

Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան, ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը  նկարահանել է Կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Տեսագրության կադրերն ուսումնասիրելիս, հիմնադրամի մասնագետները պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը եւ ունի ետին վերջույթների շարժողականության  խնդիր, ինչը հաստատել է նաեւ Ռուսաստանի Դաշնության  Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգիայի եւ էվոլյուցիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայտնի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին:

Կովկասյան հովազի, ինչպես նաեւ այլ կենդանիների` բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջի, գառնանգղերի, գայլերի, վարազների եւ աղվեսների տեսագրությունները, 2010 թվականից ի վեր` Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ, ապաստարանն անվտանգ միգրացիոն միջանցք է ապահովում  կենդանիների համար, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար` ծառայում է որպես  բուֆերային գոտի: Սա հատկապես կարեւոր է, քանի որ Կովկասյան հովազի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` բեզոարյան այծերի եւ վարազների առկայությամբ: Կովկասյան հովազի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու եւ նոր սերնդին կրթելու նպատակով, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի: Դրանց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը եւ «Արեւորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:

Անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի բացառիկ կադրերը կարող եք դիտել այստեղ` http://www.sunchild.org/index.php?id=140&L=3&id=140: