09:36 | 29.08.13 | Նորություններ | 2835
Բջջային կապի ռուսաստանցի բաժանորդների կեսը պատրաստ է փոխել կապի օպերատորին դեկտեմբերի 1-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի բջջային համարի տեղափոխելիության ծառայությունը (MNP):
Ինչպես գրում է РБК Daily-ն, այդպիսին է «Ռոմիռ» ընկերության կողմից անցկացված սոցհարցման գլխավոր եզրակացությունը: Այդ տվյալները հակասում են օպերատորների կանխատեսումներին, որոնք ակնկալում են, որ MNP ծառայությունից կօգտվի բաժանորդների 4-5%-ը:
Հարցմանը մասնակցել է հազար մարդ, որոնցից գրեթե կեսն օգտվում են մի քանի օպերատորների ծառայություններից: Հետազոտության համաձայն, ավելի շատ քանակությամբ բաժանորդներ կարող են փոխել «Բիլայն»-ը` 51%, ՄՏՍ-ը եւ Մեգաֆոնը`46%, Tele2-ը` 41%:
Հարցվածների 54%-ը օպերատորի փոփոխման հիմնական պատճառ են անվանել այլ ընկերությունների գների գրավչությունը: Հարցվածների 34%-ը կարծում է, որ մրցակիցների մոտ ավելի լավ է կապի որակը, իսկ 27%-ը նշում է ավելի լավ ծածկույթը: Յուրաքանչյուր հինգերորդը (21%) ցանկանում է փոխել օպերատորին հավելյալ ծառայությունների համար:
Ի դեպ, հիմնական օպերատորին փոխելու հստակ մտադրություն է հայտնել հարցվածների ընդամենը 7%-ը, եւս 5%-ը հստակ ցանկանում է փոխել երկրորդականին: Բաժանորդների 31%-ը դիտարկում է հիմնական օպերատորին փոխելու հնարավորությունը, իսկ երկրորդական օպերատորին, հնարավոր է, փոխի հարցվածների 15%-ը: