17:58 | 02.08.13 | Նորություններ | 4409

Տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի գոյության փաստը

Տեսագրությունը, որը վերջին 6 տարիներին Հայաստանի տարածքում կովկասյան հովազին նկարահանելու առաջին դեպքն է, արձանագրվել է հունիսի 30-ից հուլիսի 1-ի գիշերը` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրված տեսախցիկի միջոցով:

Ապաստարանը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում եւ  ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանի երկայնքով: Այդ հատվածը, որպես հատուկ պահպանվող տարածք, վերահսկում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, բրիտանական Համաշխարհային հողային միավորման (World Land Trust)  եւ Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի (ԲՊՄՄ` IUCN NL) աջակցությամբ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը մասնավոր կառավարվող բնապահպանական միակ տարածքն է Հարավկովկասյան տարածաշրջանում, հայտնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում:

Այսօր Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրեցին ապաստարանում նկարահանած տեսագրությունը, ինչպես նաեւ հիշատակված ապաստարանում բնապահպանության եւ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ իրականացվող համատեղ աշխատանքները:

Քանի որ  տեսախցիկը սկսում է նկարահանել շուրջ 5 վայրկյան ուշացումով, ներկայացված տեսագրությունում առայժմ երեւում է  խոշոր այս կատվազգիների ներկայացուցչի միայն պոչը: Ապաստարանի բոլոր թաքնված տեսախցիկներն արդեն տեղափոխվել եւ տեղադրվել են հովազի գտնվելու հավանական շավղի ամբողջ երկայնքով` առաջիկայում գիշատչին ամբողջությամբ տեսագրելու նպատակով:

Տեսագրությունն, այնուամենայնիվ, վկայում է այս կենդանու գոյության փաստի մասին եւ ապացուցում վերջինիս ներկայությունը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: 2012 թվականի գարնանը նույն այն տարածքում, որտեղ  հնարավոր է եղել նկարահանել հովազին, ապաստարանի անտառապահները նկատել են հովազի ոտնաթաթի հետքեր եւ գտել վերջինիս մազափնջի եւ կղանքի նմուշները: Դրանք անմիջապես ուղարկվել են Երուսաղեմի բիբլիական կենդանաբանական այգու հետ համագործակցող Իսրայելի լաբորատորիա`  գենետիկական փորձաքննության: Արդյունքում հաստատվել է, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին (Pantera pardus saxicolor):

2013 թվականին իրականացված նկարահանման տեսագրությունը վերջնականապես ապացուցում է, որ Կովկասյան հովազը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընտրել է որպես ապահով կենսամիջավայր, ուր առկա է բավարար սնունդ, եւ ապահովված են  իր գոյությանն  անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները: Կովկասյան հովազի, ինչպես նաեւ այլ կենդանատեսակների տեսագրությունները, ինչպիսիք են Բեզոարյան այծերը, Անդրկովկասյան գորշ արջը, գառնանգղերը, գայլերը, վարազները եւ աղվեսները, 2010 թվականից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդեն 3 տարի  տարածքը գտնվում է հիմնադրամի անտառապահների վերահսկողության տակ, ինչը բացառում է որսագողության, ապօրինի անտառահատումների, գերարածեցման եւ մարդու գործունեության բացասական ազդեցության հնարավոր բոլոր դեպքերը:

Ապաստարանն ապահովում է  կենդանատեսակների համար ապահով միգրացիոն միջանցք` «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար ծառայելով որպես բուֆերային գոտի, ուր մեծապես ավելացել է մի շարք կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի գլխաքանակը: Սա հատկապես կարեւոր է, քանի որ կովկասյան հովազի ներկայությունը  առավելապես պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` Բեզոարյան այծերի առկայությամբ: Ըստ որոշ տվյալների, Հայաստանի տարածքում գրանցված է ընդամենը 3-5 հովազ, որոնք առավելապես “քոչվորներ” են: Ներկայումս խոշոր այս գիշատչի բնական միգրացիոն միջանցքը հարավային Հայաստանի Զանգեզուրի եւ Մեղրիի լեռներն են:

Վայրի բնության եւ մշակութային  արժեքների պահպանման հիմնադրամը  ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Համաշխարհային հողային միավորման (World Land Trust) եւ Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեի  (ԲՊՄՄ` IUCN NL) հետ համատեղ  փորձելու է ընդլայնել ապաստարանի տարածքը` կիրառելով արդյունավետ կառավարման նույն մոտեցումը նաեւ Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանամերձ տարածքներում: Դա հնարավորության կտա Հայաստանի կենսաբազմազանությունը, մասնավորապես` այս խոշոր եւ գեղեցիկ գիշատիչին,  պահպանել ապագա սերունդների համար: