17:56 | 15.07.13 | Նորություններ | 1198

Վարչապետը ծանոթացել է ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառուցման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի շինհրապարակ, որը կառուցվում է Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակում:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման առաջին փուլի` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառուցման վերաբերյալ:

Կենտրոնը պետք է արտադրի ուռուցքային նորագոյացությունների ախտորոշման եւ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ռադիոակտիվ իզոտոպեր` ստեղծելով ռադիոդեղագործական եւ ախտորոշման համալիր բժշկական ծառայությունների մատուցման կարողություններ: Արտադրված ռադիոնուկլիդներն ու ռադիոդեղագործական միջոցներն օգտագործվելու են կենսաքիմիական քննության եւ պատկերների մշակման համար:

Ազգային մրցունակության հիմնադրամի Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագիրը բաղկացած է երեք փուլից` ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, ճառագայթային թերապիայի ու քիմիոթերապիայի եւ վիրաբուժության ուռուցքաբանական կենտրոնների ստեղծում: Այն պետք է լինի Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման եւ կանխարգելման` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կենտրոն, որը կմատուցի միջուկային ախտորոշման, ճառագայթային բժշկության, քիմիաթերապիայի եւ վիրաբուժության ներհիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ: