10:31 | 01.07.13 | Նորություններ | 948

Google Reader-ն այսուհետ չի գործի

Google-ի Reader ծառայությունը այսօրվանից այլեւս չի գործի:

Դեռեւս մարտին Google-ը հայտարարել էր, որ փակելու է իր RSS reader-ը՝  օգտագործողների թվի նվազման պատճառով: Դրա հետ մեկտեղ ընկերությունը նշել էր, որ ծառայությունն ունի հավատարիմ օգտվողներ, որոնց Google-ը բացատրել էր, թե ինչպես «արտահանել» տվյալները այլ ծառայության մեջ:

RSS (Really Simple Syndication) reader-ները գործիքներ են, որոնք օգնում են օգտագործողներին տեսնել թարմացումներ տարբեր վեբկայքերից՝ առանց դրանք այցելելու:

Google Reader-ը փակելու որոշումը դժգոհություն առաջացրեց օգտագործողների եւ ԶԼՄ-ների շրջանում: Ամերիկյան SLATE պարբերականն այս առիթով անգամ պատրաստել է Google-ի փակված պրոդուկտների վիրտուալ գերեզմանատուն՝ առաջարկելով ընթերցողներին վիրտուալ ծաղիկներ դնել տապանաքարերին:

RSS reader-ի փակմանն ըմբռնումով մոտեցած օգտագործողները գրում են, որ Facebook-ը եւ Twitter-ը փոխում են մարդկանց կողմից թարմացումներին հետեւելու եղանակը, ինչը RSS reader-ները դարձնում է ոչ այնքան արդիական:

Այդուհանդերձ, մրցակից ինտերնետային ընկերությունները չեն ուզում կորցնել հնարավորությունը եւ պատրաստվում են գործարկել սեփական RSS reader-ներ՝
«Google Reader-ի որբերի» միլիոնավոր բանակի համար, գրում է BBC-ն:

Սոցիալական նորությունների Digg վեբկայքն արդեն հայտարարել է սեփական reader նախագծելու մտադրության մասին: Մյուս խոշոր մրցակիցը RSS-ի շուկայում Feedly-ն է, որը հայտարարել է Google Reader-ի փակման շնորհիվ ընդամենը 2 շաբաթում 3 մլն օգտագործողների ներգրավման մասին: Խոսվում է նաեւ այն մասին, որ սեփական RSS reader է նախագծվում նաեւ Facebook-ի կողմից: