16:31 | 31.05.13 | Նորություններ | 4406
Մեկ տարի առաջ` 2012թ. հունիսի 1-ին, Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեցին մի նախագիծ, որը թույլ է տալիս Orange-ի բաժանորդներից յուրաքանչյուրին մասնակցել մարդասիրական ծրագրի եւ աջակցություն ցուցաբերել հայ մանուկների, որոնց ընտանիքները ֆինանսական դժվարությունների պատճառով չեն կարողանում իրենց երեխաներին տանը պահել եւ հանձնում են պետական հաստատությունների հոգածությանը:
Ինչպես հայտնել են Orange Armenia-ում, այսօր երկու կազմակերպություններն ամփոփել են նախագծի արդյունքները եւ հայտարարել այն եւս մեկ տարով շարունակելու մասին:
Orange-ի բաժանորդների նվիրատվությունների, Orange Հիմնադրամի ֆինանսական ներգրավվածության եւ Վորլդ Վիժն Հայաստանի կատարած աշխատանքի շնորհիվ մեկ տարում 11 ընտանիք ստացել է նյութական աջակցություն, եւ 15 երեխա վերադարձել է ընտանիք: Մեկ տարում նախագծին մասնակցել են Orange- ի 10 841 բաժանորդներ՝ նվիրաբերելով 100 կամ 500 դրամ:
Նախագիծը կտեւի եւս մեկ տարի, որի ընթացքում Orange Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը պարբերաբար կտեղեկացնեն հավաքված գումարի եւ այն երեխաների եւ ընտանիքների մասին, որոնց դրանք ուղղվել են: Ընտանիքերի ընտրման չափանիշներն են` բազմազավակ ընտանիքներ, որոնք ապրում են սոցիալ-տնտեսական վատթար պայմաններում: Նվիրաբերված գումարը տարբեր ընտանիքների օգտագործվում է տարբեր կերպ՝ կախված նրանից, թե ծնողներից մեկը կամ երկուսը ինչպիսի աշխատանք կարող են անել: Օրինակ, գյուղական համայնքներում բնակվող ընտանիքներին տրամադրվել են ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական մեքենաներ, այլ դեպքերում մայրերին տրամադրվել են խոհանոցային պարագաներ՝ սնունդ պատրաստելու եւ վաճառելու համար:
Ուղարկելով SMS 1234 կարճ համարին` Orange-ի բաժանորդները կարող են նվիրաբերել 100, իսկ 5678 համարին` 500 դրամ: Յուրաքանչյուր ամսվա վերջին Orange Հիմնադրամը կրկնապատկում է այն գումարը, որ հավաքվել է SMS-հանգանակության արդյունքում, եւ տրամադրում այն Վորլդ Վիժն Հայաստանին՝ դժվարություններ ունեցող մեկ ընտանիքի համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու համար:
«Մենք շնորհակալ ենք մեր այն բոլոր բաժանորդներին, ովքեր նվիրաբերել են թեկուզ փոքր գումար՝ աջակցելու երեխաների, ովքեր ապրում են պետական հաստատություններում իրենց ծնողների ֆինանսական դժվարությունների պատճառով: Նվիրաբերված յուրաքանչյուր դրամը կարեւոր է, եւ մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է օգնել փոփոխություն բերել այս երեխաների կյանքում: Մեր բաժանորդների նվիրաբերած գումարն Orange Հիմնադրամը կրկնապատկում է: Սա այնպիսի նախագիծ է, որը միավորում է մեզ մեր բաժանորդների հետ լավ գործի համար»,- ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը: