11:03 | 29.05.13 | Նորություններ | 689

Mercedes-ների վրա QR կոդեր կտեղադրվեն

Daimler-ը «արագ արձագանքման» (Quick Response) կամ QR կոդեր կտեղադրի Mercedes-Benz ավտոմեքենաների վրա:

QR կոդերը կօգնեն հրշեջներին եւ փրկարարներին ստանալ կարեւոր տեղեկատվություն մեքենայի մասին՝ վթարներում տուժածներին փրկելու համար:

QR կոդերը ուղղորդում են սմարթֆոններին դեպի վեբ-էջեր, որտեղ կցուցադրվի, ինչպես հնարավորինս անվտանգ եղանակով դուրս բերել մարդկանց վթարի ենթարկված ավտոմեքենաներից եւ կասեցնել պայթյունի վտանգը վթարից հետո:

Daimler-ը հրաժարվել է պատենտավորել իր այս նորարարությունը, եւ այսպիսով մյուս ավտոարտադրողները կարող են կիրառել այն անվճար:

Ըստ Dailmer-ի, մինչ օրս փրկարարները ստիպված էին հաճախ դիմել ավտոարտադրողին՝ վնասված ավտոմեքենաների կառուցվածքի վերաբերյալ մանրամասների համար: «Այս տեղեկատվությունը վերաբերում էր անվտանգության բարձիկների, մարտկոցի, բաքի, էլեկտրական մալուխների, բարձր ճնշման տակ գտնվող գլանների եւ այլ բաղադրիչների տեղակայմանը: Այս տեղեկատվության ակնթարթային ստացումը կարող է փրկել կյանքեր, որովհետեւ արտակարգ իրավիճակներում անգին է ամեն վայրկյանը»,- ասվում է Daimler-ի մամլո հաղորդագրությունում:

Mercedes-ների վրա կտեղադրվի 2 QR կոդ. մեկը՝ բենզինի բաքի դռնակի ետնապատին, իսկ մյուսը՝ ավտոյի հակառակ կողմի երկու դռների միջեւ սյան վրա, քանի որ հազվադեպ է պատահում, երբ վթարի հետեւանքով ուժեղ վնասվում են միանգամից մեքենայի երկու կողմերը:

Նորարարության թեսթավորումը կսկսվի 2015թ-ից: