17:20 | 13.05.13 | Նորություններ | 3849

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է

Մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների «Հազարան բլբուլ» մրցույթ-փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ` ՀՀ մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության եւ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ: Այն կանցնի երկու փուլով եւ կեզրափակվի գալա-համերգով:

Փառատոնի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է, հայտնել են ընկերությունում:

«Հազարան բլբուլը բնության զարթոնքի, գեղեցկության, արդարության եւ ներդաշնակության խորհրդանիշն է: Այս նախաձեռնությունը աշխարհն իրական գույներով տեսնելու եւ այն ավելի գունեղ դարձնելու միջոցներից մեկն է: Երեխաների մեջ տաղանդի փնտրտուքը բխում է քաղաքակիրթ հասարակության շահերից եւ կարող է հրաշալի արդյունք արձանագրել, երբ գործի դրված ջանքերը նույնքան հետեւողական լինեն, որքան հայկական հեքիաթներում առասպելական թռչունին հասնելու նկարագրվող նպատակասլացությունը: Միջոցառումը շատերին կօգնի փնտրել ու փայփայել իր մեջ ապրող երեխային եւ աշխարհը  դարձնել ավելի լուսավոր»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցելու համար մայրաքաղաքից եւ ՀՀ մարզերից հայտագրվել է երաժշտական 24 ներկայացում: 1-ին փուլի դիտումների արդյունքում, մրցութային հանձնաժաղովը ընտրել է դրանցից 10-ը, որոնք մայիսի 12-15-ը ներկայացվելու են 2-րդ փուլում: Եռօրյա մրցույթից հետո, հանձնաժողովականները դրանցից ընտրելու են լավագույն 6-ը: Հաղթող խմբերը հունիսի 1-ին եւ 5-ին հանդես են գալու եզրափակիչ գալա-համերգներով:

Մրցույթ-փառատոնի առաջին գալա-համերգը լինելու է Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` հունիսի 1-ին:

Երկրորդ գալա-համերգը կկայանա Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` հունիսի 5-ին: Փառատոնի պաշտոնական բացումը կայացավ մայիսի 12-ին Համազգային պետական թատրոնում: