12:49 | 25.04.13 | Նորություններ | 1101
mLab ECA մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Nokia ընկերության, Համաշխարհային Բանկի նորարարության եւ ձեռներեցության զարգացման infoDev ծրագրի եւ Ֆինլանդիայի կառավարության հետ համատեղ, հայտարարել է մոբայլ հավելվածների տարածաշրջանային մրցույթ:
Ինչպես հայտնել են Ձեռնարկությունների Ինկուբատորում, մրցույթի նպատակն է խթանել գործարար եւ սոցիալական դաշտի զարագացումը մոբայլ տեխնոլոգիաներում նորարար գաղափարների միջոցով:
Մրցույթին կարող են մասնակցել ինչպես ծրագրավորողներ, այնպես էլ բոլոր նրանք, ովքեր ունեն նորարար գաղափարներ հետեւյալ երկրներից. Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Ուզբեկիստան, Տաջիկիստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Ադրբեջան եւ Վրաստան: Մասնակիցները կարող են ներկայանալ անհատապես կամ թիմով՝ մինչեւ 5 մասնակիցներից բաղկացած:
Յուրաքանչյուր մասնակից երկրի ժյուրի ընտրելու է հաղթողի, որը կպարգեւատրվի $500-ով: Երկրում հաղթած նախագիծը միջազգային ժյուրիին ներկայացնելու համար, թիմի անդամներից մեկը կհրավիրվի Երեւան:
Հունիսի 12-13-ը Երեւանում կայանալիք մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ մասնակիցները կներկայացնեն առավելագույնս ավարտուն եւ ֆունկցիոնալ հավելվածներ: Այս փուլի արդյունքում մրցույթի հաղթողի պարգեւն է $10 000: Գաղափարներ ներկայացնելու վերջնաժամկետն է ապրիլի 29-ը:
Ապրիլի 26-ին Երեւանում տեղի կունենա «Գաղափարների ձեւավորման» միջոցառումը, որի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան առաջարկել գաղափարներ եւ տեղում դիմել տարածաշրջանային մրցույթին:
Միջոցառումը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում. սկիզբը՝ ապրիլի 26-ին, ժամը՝ 12:00-ին: Մրցույթի աջակիցներն են PicsArt եւ «Ռոստելեկոմ» ընկերությունները: