15:52 | 12.04.13 | Նորություններ | 2193

Lionsharp Solutions թիմը հաղթել է Imagine Cup 2013 հայաստանյան եզրափակչում

Այսօր տեղի է ունեցել «Երեւակայության գավաթ Հայաստան 2013» («Imagine Cup Armenia 2013») մրցույթի եզրափակիչ փուլը, որը կազմակերպել էին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Հայաստանյան ընտրության Եզրափակիչ փուլին մասնակցող 7 թիմերը կարճ (15 րոպե) շնորհանդեսների տեսքով ներկայացրին իրենց գաղափարները, որի արդյունքում ժյուրին ընտրեց մեկ հաղթող թիմ՝ «Lionsharp Solutions» թիմը Voice board ծրագրի համար, հայտնել են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում:

Ծրագիրն իրենից ներկայացնում է Kinect տեխնոլոգիայի հենքով մշակված լուծում, որը թույլ է տալիս վարել քննարկումները, ներկայացումները, «մտքային գրոհները»՝ գրանցելով մտքերը եւ կանոնակարգելով ընթացքը միայն ժեստերի եւ ձայնային հրահանգների օգնությամբ: «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի աջակցությամբ «Lionsharp Solutions» թիմը կներկայացնի Հայաստանը 2013թ հուլիսին կայանալիք համաշխարհային եզրափակչին Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում:

Մրցույթը մեկնարկել էր մարտի 20-ին, եւ 16 տարին լրացած մասնակիցների երեք-չորս հոգուց բաղկացած ուսանողական թիմերի առջեւ խնդիր էր դրվել մշակել նորարարական նախագծեր եւ համակարգչային ծրագրեր, ինչպես նաեւ իրական խնդիրների իրական լուծումներ: Մինչեւ ապրիլի 8-ը ներկայացվել էին յոթ հայտեր, որոնք հիմնականում վերաբերում էին նորարարության անվանակարգին:

«Երեւակայության գավաթ» հայաստանյան մրցույթի նպատակն է ուսանողներին օգնել հանդես գալ ծրագրավորման/ՏՏ լուծումներով եւ/կամ ծրագրերի նոր մշակումներով՝ խթանելու նորարարությունն ու լուծելու գլոբալ խնդիրներ: Մրցույթը համախմբում է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին եւ ուսանողական թիմերին եւ նրանց մեծ հնարավորություն է ընձեռում դրսեւորելու եւ զարգացնելու իրենց գիտելիքները իրական խնդիրներին լուծումներ գտնելու, տեխնոլոգիաների եւ ծրագրերի օգտագործման սեփական մոտեցումները մշակելու եւ առաջ քաշելու գործում, ինչպես նաեւ ճանապարհ է բացում ուժերը չափելու արտասահմանյան մրցակիցների հետ եւ Հայաստանը ներկայացնելու «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին:

Այս տարի մրցույթի հայաստանյան փուլին «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է հաղթող թիմին հնարավորություն տալ մասնակցել «Imagine Cup» միջազգային մրցույթի եզրափակչին եւ դրանով իսկ քաջալերել սկսնակ ընկերություններին, խթանել բարձր տեխնոլոգիական լուծումների  կիրառումը բիզնեսի տարբեր ոլորտներում եւ նպաստել Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացմանը ՏՏ ոլորտում: