13:00 | 28.03.13 | Նորություններ | 982

Պատմության մեջ ամենամեծ կիբեռհարձակումը դանդաղեցրել է ինտերնետը

Ինտերնետն ամբողջ աշխարհում դանդաղել է պատմության մեջ ամենամեծ կիբեռհարձակման պատճառով, ասում են համակարգչային անվտանգության փորձագետները:

DDoS գրոհները սփամի դեմ պայքարող նախաձեռնողական խմբի եւ հոսթինգային ծառայության տարաձայնությունների հետեւանք են, գրում է BBC-ն:

Լոնդոնում եւ Ժնեւում տեղակայված Spamhaus խումբը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն օգնում է էլեկտրոնային փոստի ծառայություններին, մասնավորապես, Google-ին  ֆիլտրել սփամը եւ անցանկալի այլ բովանդակությունը: Այս նպատակով Spamhaus-ը արգելափակում է այն սերվերները, որոնք օգտագործվում են սփամի տարածման համար:

Վերջերս կազմակերպությունն արգելափակել է Հոլանդիայում տեղակայված Cyberbunker հոսթինգային ընկերության սերվերները: Cyberbunker-ը հայտնում է, որ պատրաստ է տեղակայել իր մոտ ցանկացած ինֆորմացիա՝ բացառությամբ մանկական պոռնկագրության եւ ահաբեկչությանը վերաբերող նյութերի:

Ընկերության խոսնակ Սվեն Օլաֆ Կամֆիուսը հայտարարել է, որ Spamhaus-ը չարաշահում է իր դիրքը եւ չպետք է որոշի, թե ինչը պիտի կամ չպիտի տարածվի ինտերնետով:

Այժմ Spamhaus-ը հայտարարում է, որ գրոհը կազմակերպվել է Cyberbunker-ի կողմից՝ Արեւելյան Եվրոպայից եւ Ռուսաստանից հանցավոր խմբերի հետ համագործակցությամբ: Cyberbunker-ը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Spamhaus-ի գլխավոր տնօրեն Սթիվ Լինֆորդը BBC-ին ասել է, որ DDoS գրոհը շարունակվում է արդեն մեկ շաբաթ եւ հետաքննվում է միջազգային կիբեռոստիկանական ուժերի կողմից:

DDoS (Distributed Denial of Service) տիպի հարձակումների ժամանակ գրոհը կազմակերպողները իրենց թիրախին հեղեղում են թրաֆիկի շատ մեծ ծավալով՝ փորձելով այն անհասանելի դարձնել: Այս դեպքում հարձակման թիրախն էին
Spamhaus-ի դոմեյնային անվանման համակարգի (DNS) 80 սերվերները, որոնք տեղակայված են աշխարհով մեկ:

Ըստ կազմակերպության տնօրենի, գրոհն այնքան ուժգին է, որ կարող է վնասել պետական ինտերնետ-ենթակառուցվածքները, էլեկտրոնային փոստի ծառայությունները եւ բանկային ցանցերը:

«Այս գրոհների թրաֆիկը հասնում է 300 գիգաբիթ/վայրկյան արագության: Սովորաբար խոշոր բանկերին DDoS-ով գրոհելիս խոսքը գնում է 50 գթիբ/վայրկյանի մասին»,- ասել է Սթիվ Լինֆորդը:

Surrey համալսարանի կիբեռանվտանգության փորձագետ, պրոֆեսոր Ալան Վուդվարդն ասել է, որ այս գրողը դանդաղեցրել է համաշխարհային ինտերնետի արագությունը: «Պատկերացրեք, որ ցանցը ավտոճանապարհ է, որը դիտավորյալ խցանվում է՝ մեքենաների չափից մեծ քանակության պատճառով»,- ասել է Ալան Վուդվարդը BBC-ին:

DDoS հարձակումներից պաշտպանության վրա մասնագիտացած Arbor Networks ընկերությունը եւս հաստատել է, որ սա պատմության մեջ նման խոշորագույն հարձակումն է: