12:37 | 21.02.13 | Նորություններ | 958
Պետություններն աստիճանաբար համակարգչային վտանգների հարցում պաշտպանվողի դերից անցնում են հարձակվողի դերի, այսօր ասել է Kaspersky Lab-ի առաջատար հակավիրուսային փորձագետ Սերգեյ Գոլովանովը:
Այդ մասին նա ասել է, ելույթ ունենալով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) մեկնարկած “Kaspersky laboratory” ընկերության կողմից անցկացվող տեղեկատվական անվտանգության հարցերով «IT Security for the next Generation 2013» ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսի “Ռուսաստան եւ ԱՊՀ երկրներ” փուլին:
Ըստ փորձագետի, այսօր ամերիկյան եւ եվրոպական կառավարությունները ֆինանսավորում են այնպիսի գործիքների ստեղծումը, որոնք կարող են շարքից դուրս բերել թշնամական երկրների համակարգչային ենթակառուցվածքները:
«Դրա վկայությունն է կիբեռզենքերի ի հայտ գալը, որոնք շատ ավելի հզոր են հայտնի վիրուսներից: Եթե 2010-ին եւ 2011-ին ի հայտ եկան մեկական նման կիբեռզենքեր, ապա 2012-ին հայտնվել են եւս 4-ը»,- ասել է փորձագետը:
Սերգեյ Գոլովանովը պատմել է նաեւ, որ 2012-ին կոտրվել է այն հայտնի կարծրատիպը, ըստ որի Macintosh համակարգիչները ենթակա չեն վիրուսային վտանգի: Նրա կարծիքով, առաջիկայում հաքերների հիմնական թիրախն է դառնալու աշխարհում դինամիկ տարածում ստացող Android համակարգը: