12:13 | 19.02.13 | Նորություններ | 1307

APRA-ն դրամահավաք է սկսել Հայաստանի համար ԴՆԹ-սեքվենսորի ձեռքբերման նպատակով

Կալիֆոռնիայում տեղակայված Հայաստանի համար վերլուծա-հետազոտական եւ պլանավորման աշխատանքների իրականացման ինստիտուտը (Analysis Research and Planning for Armenia, APRA) դրամահավաք է սկսել Հայաստանի համար ԴՆԹ-սեքվենսորի ձեռքբերման նպատակով:

ԴՆԹ-սեքվենսորը գիտական սարքավորում է, որն օգտագործվում է ԴՆԹ հաջորդականության որոշման ավտոմատացման նպատակով: Հայաստանում նման սարք դեռեւս գոյություն չունի:

Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը իր տարածած նամակում գրում է, որ սարքի ձեռքբերման համար անհրաժեշտ  է հավաքագրել $25 հազ., ինչը սարքի արժեքի կեսն է: Դրամահավաքն անցկացվում է http://www.indiegogo.com/ARPA-DNA-Project/x/1965311 կայքում մինչեւ ս.թ. մարտի 30-ը:

«Ծրագրի նպատակն է ձեռքբերել Հայաստանի համար ժամանակակից ԴՆԹ-սեքվենսոր եւ պատրաստել կադրեր, որոնք կաշխատեն սարքավորման հետ: Դա թույլ կտա բացահայտել հազարավոր հիվանդությունների գենետիկական ասպեկտները, ինչը խիստ կարեւոր է», - գրում է Հակոբ Փանոսյանը:

Նա նշում է, որ Հայաստանը ներկայումս չունի ժամանակակից ԴՆԹ թեսթավորման հնարավորություն, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը, ունեն մի քանի նման սարքեր:

«Հայաստանը չպետք է հետ մնա այս ոլորտում: Հակառակը, մենք պետք է բարձր տեխնոլոգիաների գերազանցության կենտրոն դառնանք, ինչպես տեսական, այնպես էլ գործնական առումով: Խնդրում եմ ձեզ օգնել մեզ հասնել այս նպատակին», - ասված է Հակոբ Փանոսյանի ուղերձում:

ARPA ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ. մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցության խթանումը՝ կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական եւ տեխնոլոգիական ոլորտներում:

Կազմակերպության փորձագետները, որպես խորհրդատուներ, աշխատում են ՀՀ հանրային հատվածի եւ պետական այն մարմինների հետ, որոնք առնչվում են վերոհիշյալ ոլորտներին: ARPA-ն, մասնավորապես, օգնել է կազմակերպել 1992թ. անցկացված էներգետիկ ճգնաժամի թեմայով համաժողովը, որտեղ որոշվել է վերագործարկել Մեծամորի ատոմակայանը: