17:57 | 24.01.13 | Նորություններ | 3435

Orange-ը պատրաստակամություն է հայտնել իրականացնելու ՀԿԾՀ պահանջը

Օրանժ Արմենիան 2013թ. ընթացքում կընդլայնի իր ցանցի ծածկույթը` ընդգրկելով Սյունիքի մարզի Դիցմայրի, Գեղանուշ, Գոմարան, Բնունիս եւ Լոռու մարզի Անտառամուտ ու Կաճաճկուտ գյուղերը:

Նշենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավորեցրել է բոլոր բջջային օպերատորներին ծածկույթ ապահովել բջջային կապից զրկված 18 բնակավայրերում՝ 6-ական բնակավայր բաշխելով բոլոր օպերատորների միջեւ:

Նշված բոլոր գյուղերում կներդրվի կապի ժամանակակից տեխնոլոգիա, որն ունի մինչեւ 21.6 Մբ/վ ներբեռնման արագության հնարավորություն, հայտնել են ընկերությունում:

«Երբ մենք մեկնարկեցինք մեր գործունեությունը Հայաստանում 2009թ. նոյեմբերի 5-ին, մենք ապահովում էինք բնակչության 83%-ի ծածկույթ, մինչեւ 7.2Մբ/վ թողունակությամբ ցանցով: Այնինչ այսօր մենք արդեն առաջարկում ենք ծառայություններ Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում մենք կառուցել ենք մինչեւ 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց: Ի լրումն նշված բնակավայրերի՝ Orange-ը կշարունակի ընդլայնել իր ծածկութը՝ մշտապես հոգալով ցանցի տեխնիկական բարձր որակի մասին: Թեեւ Orange-ը գերազանցել է գործունեության լիցենզիայով սահմանված պարտավորությունները, ես շատ երջանիկ եմ, որ մենք կկարողանանք լուծում առաջարկել այն գյուղերին, որոնք մինչ օրս ոչ մի օպերատորի կողմից ծառայություններ չեն ստանում», -  նշել է Օրանժ Արմենիա-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: