00:33 | 17.12.12 | Նորություններ | 2479

Orange-ը շարունակում է աջակցել «Հայակ» մրցանակաբաշխությանը

Երեւան/Մեդիամաքս/. «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013 թ. ապրիլի 13-ին:

Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, Orange Արմենիա ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որին միացել է նաեւ Հայկական ազգային կինոակադեմիան, հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է:

2013 թ. «Հայակ» մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2011թ. արտադրված այն  ֆիլմերը, որոնք  չեն ներկայացվել նախորդ մրցույթին, եւ 2012թ.  արտադրված բոլոր  ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների:

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը կտեւի 2012 թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2013 թ. փետրվարի 15-ը ներառյալ, որից հետո ժյուրին  փետրվարի 16-ից մինչեւ մարտի 18-ը կկազմակերպի ներկայցված ֆիլմերի նախնական դիտում եւ կընտրի հավակնորդ ֆիլմերը:

«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարեւորագույն ոլորտներից է:  Orange-ն ունի կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի եւ արդեն յոթ տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ ու լուրջ դպրոց, եւ մենք երջանիկ ենք արդեն երկրորդ տարին լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերը», - ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: