00:38 | 04.12.12 | Նորություններ | 3494

ԱրմենՏելն աջակցել է հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Երեւան/Մեդիամաքս/. Դեկտեմբերի 3-ին Հ. Թումանյանի անվան Երեւանի պետական տիկնիկային թատրոնում կայացավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված «Ես ուզում եմ հավատալ անասպասելիին» ներկայացումը: Ներկայացումը բեմականացնում էր «Մենք ենք» ներառական թատերական խումբը, որը ստեղծվել է ԱրմենՏել ընկերության (ապրանքանիշը Beeline) աջակցությամբ:

«Մանկական թատերախմբի շնորհիվ  Հայաստանի ողջ տարածքում մարդիկ կարողացան տեսնել, որ հատուկ կարիքներ ունեցող երեխաները կարող են լինել հասարակության լիիրավ անդամ: Մենք ցանկանում ենք այս գաղափարը հասցնել հնարավորինս շատ մարդկանց  համոզված լինելով, որ ծրագրի դաստիարակչական բաղադրիչը կօգնի հրավիրել հանրության ուշադրությունը, իսկ արվեստը կօգնի երիտասարդ սերնդին կերտել պայծառ ապագա` բացահայտելով իրենց մտավոր եւ ֆիզիկական ներուժը», - նշել է ԱրմենՏելի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Մենք ենք» ներառական թատերական խումբը ստեղծվել է ԱրմենՏելի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցության շրջանակում: Համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ` ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սաները ներգրավվել են  մանկական թատերական ներկայացման մեջ, որը բեմադրվում է փորձառու թատերական մասնագետների եւ մանկական հոգեբանների օգնությամբ:

«Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումն արդեն բեմականացվել է Ստեփանավանի եւ Գյումրիի ներառական եւ հանրակրթական դպրոցներում: Առաջիկայում ներկայացումը հնարավորություն կունենան դիտելու նաեւ Երեւանի մի շարք դպրոցների սաներ: