03:06 | 03.12.12 | Նորություններ | 3929

Հայաստանում կներդրվի 7 նոր էլ. կառավարման համակարգ` էլ. հյուպատոսություն ներառյալ

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Հայաստանում մեկնարկել է «Հայաստան - Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում» ԵՄ ֆինանսավորմամբ իրագործվող նոր երկամյա ծրագիրը:

Ինչպես ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն ասել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, ծրագիրը նպատակ ունի ներդնել էլեկտրոնային գործարքների իրականացման ծրագրեր, որոնք էապես կհեշտացնեն քաղաքացիների շփումը պետության հետ եւ կնվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը: ԵՄ-ն ծրագրի իրագործմանը կհատկացնի €1.3 մլն:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, ասել է, որ 2013-2014թթ. կառավարության կողմից ներդրվելու է 7 էլեկտրոնային կառավարման համակարգ. արխիվների թվայնացում, էլեկտրոնային փոստ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու եւ պետության միջեւ շփումը հեշտացնելու համար, քաղաքացիական կացության գրանցման էլեկտրոնային համակարգ, էլեկտրոնային վիճակագրական հաշվետվություններ, էլեկտրոնային առողջապահության համակարգ, շինարարական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգ, ինչպես նաեւ էլեկտրոնային հյուպատոսություն, ինչը թույլ կտա երկարացնել ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականությունը արտերկրում ընդամենը 15 րոպեների ընթացքում:

Դավիթ Սարգսյանը ներկայացրել է նաեւ նախկինում ներդրված էլեկտրոնային  կառավարման համակարգերը:

«Իրավաբանական անձանց գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրման արդյունքում գրանցումների 10%-ը կատարվում է առցանց, ՍՊԸ-ների 65%-ը գրանցվում է 30 րոպեից պակաս ժամանակում, իսկ ԱՁ-ների 85%-ը՝ 10 րոպեից պակաս ժամանակում: Տրանսպորտային միջոցների գրանցման մեկ պատուհանի համակարգի ներդրումը թույլ է տվել ավտոմեքենաների գրանցումը կատարել միջինը 24 րոպեում», - ասել է Դավիթ Սարգսյանը:

Նա նշել է նաեւ, որ հարկային հայտարարագրերի ներկայացման էլեկտրոնային համակարգի գործարկման արդյունքում այս տարի բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ է ներկայացրել 15 675 հարկատու:

«Հայաստան - Էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացում» ծրագրի ղեկավար Իվառ Թալլոն նշել է, որ եթե իր հայրենիք Էստոնիայում 10 տարի առաջ էլեկտրոնային հարկային հաշվետվություններ էին ներկայացնում հարկատուների չնչին մասը, այժմ այդ ցուցանիշը հասել է 94%-ի: