06:51 | 30.11.12 | Նորություններ | 3559

ԱրմենՏել-ը գրքեր է նվիրել Արագածոտնի եւ Արմավիրի 9 դպրոցական գրադարաններին

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել ընկերության աջակցությամբ Արմավիրի մարզի Մյասնիկյան, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Շենիկ, Արգինա եւ Արագածոտնի մարզի Արտենի եւ Արագածավան գյուղերի 9 դպրոցի գրադարանները համալրվել են նոր գրքերով:

Դպրոցների գրադարաններին օգնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը միացել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի նախաձեռնությանը` գրադարաններին նվիրելով Հայաստանի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող պատկերագրքեր:

««ԱրմենՏել» ընկերությունը, որպես ազգային օպերատոր,  մեծ ուրախությամբ միացավ Արագածոտնի եւ Արմավիրի մարզի գյուղերի դպրոցները  գրականությամբ հարստացնելու բարի նպատակի իրագործմանը:  Գիտության շտեմարանում առանձնահատուկ նշանավորվում  է գրքի դերը որպես մարդկային ունակությունների զարգացման եւ կատարելագործման  լավագույն  ուղեցույց եւ մենք մշտապես աջակցում ենք նման ծրագրերի իրականացմանը, գիտակցելով, որ կրթված հասարակությունը վառ ապագա կերտելու հիմնական գրավականներից մեկն է»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 
 
Տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին երկարատեւ համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում իրականացվեցին «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների միջոցով» կրթական ծրագիրը ինչպես նաեւ «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական եւ գյուղական համայնքներում գործարարության զարգացման ծրագիրը: