07:46 | 15.11.12 | Նորություններ | 3125
Երեւան/Մեդիամաքս/. Շիրակի մարզի Ախության եւ Մայիսյան գյուղերում բացվել են գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոններ, որոնք հիմնվել են Orange-ի եւ «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով:
Ախուրյանն այսօր ունի 10,050, իսկ Մայիսյանը` 2,100 բնակիչ: Երկու համակարգչային սրահներն էլ համալրված են 7 համակարգչով, տպիչով, Orange-ի Flybox երթուղիչով եւ հարմարավետ կահավորանքով, որոնք բնակիչներին հնարավորություն են տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 4 մլն 700 հազ. դրամ, հայտնել են ընկերությունում:
«Orange-ը հեռահաղորդակցային ընկերություն է, եւ մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Որպես պատասխանատու ընկերություն` մենք մեր գործն ենք համարում օգնել օգտվել համակարգչից եւ ինտերնետից նրանց, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը», - նշել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: