04:07 | 19.10.12 | Նորություններ | 3365

Արմենտելը տուգանվել է 30 մլն դրամով. տուգանքը բողոքարկվելու է դատարանում

Երեւան/Մեդիամաքս/. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր ԱրմենՏելին 30 մլն դրամով տուգանելու որոշում է կայացրել. պատճառը, ըստ հանձնաժողովի, ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցությունն է:

Հանձնաժողովը վարույթ էր հարուցել ԱրմենՏել-ի նկատմամբ ընկերության բաժանորդ «Ալիաս» ՍՊԸ-ի դիմում-բողոքի հիման վրա:

Այսօր հանձնաժողովի նիստում «Ալիաս»-ի ներկայացուցիչ Լեւոն Խալաթյանն ասել է, որ ընկերության ներկայացուցիչներն օգտվել են ԱրմենՏել-ի «Էքսկլյուզիվ բիզնես» սակագնային փաթեթից, որի մասին ԱրմենՏել-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, GPRS ինտերնետի 1մբ-ի սակագինը 49 դրամ է, սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ 1 մբ-ի համար ընկերությունը գանձում էր 90 դրամ:

Վարույթի ընթացքում ընկերությունը պարզաբանել էր, որ 49 դրամ սակագնից օգտվելու համար անհրաժեշտ էր հատուկ կարգավորում իրականացնել: Հանձնաժողովի կարծիքով, սպառողը կարգավորումների մասին  պատշաճ կերպով չէր տեղեկացվել:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասել է, որ, հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն, ԱրմենՏելը մոլորեցրել է սպառողներին, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է, որի համար որոշում կայացվեց ընկերության նկատմամբ կիրառել տուգանք 30 մլն դրամի չափով:

«Կոչ եմ անում Արմենտել-ի բոլոր բաժանորդներին համոզվել, որ իրենց սակագնային պլաններում նշված գները համապատասխանում են իրականությանը, եւ հակառակ դեպքում պահանջել փոխհատուցում»,- ասել է Արտակ Շաբոյանը:

Արմենտել-ի ներկայացուցիչը հանձնաժողովի նիստին չէր մասնակցում: Ընկերության մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը Մեդիամաքսին ասել է, որ ԱրմենՏելը համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, համարում է ՏՄՊՊՀ մոտեցումը ոչ օբյեկտիվ եւ բողոքարկելու է որոշումը դատարանում: