05:43 | 17.10.12 | Նորություններ | 946

Համակարգչային խաղերի նախագծման եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 20-ին «Բաց Խաղ» համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների նախագծման առաջնության եզրափակիչի շրջանակներում կանցկացվի հայ մասնագետների կողմից նախագծված խաղերի ցուցադրություն:

Առաջնությանը գրանցվել էին 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ բջջային հավելվածներ, բջջային խաղեր եւ համակարգչային խաղեր, հայտնել են միջոցառման կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում (ԻՏՁՄ):
 
«Ներկայումս Հայաստանում գործում են համակարգչային խաղերի նախագծմամբ զբաղվող ավելի քան 10 ընկերություններ: Կարծում ենք` առաջնության մասնակիցների մի մասը կհամալրի այդ ընկերությունների աշխատակիցների թիվը, իսկ մի մասն էլ կստեղծի սեփական բիզնեսը տվյալ ոլորտում»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Առաջնության եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13): Նույն օրը` ժամը 17:00-ին, կամփոփվեն առաջնության արդյունքները: Կհայտարարվեն «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Լավագույն դիզայն», «Նորարարություն», «Լավագույն սոցիալական բջջ. հավելված», «Լավագույն ժամանցային հավելված», «Լավագույն հաղորդակցություն հավելված» եւ «Պատանիների առաջնություն» անվանակարգերում հաղթողների անունները եւ կշնորհվեն մրցանակներ:

Առաջնությունը կազմակերպվում է Օրանժ Արմենիա ընկերության հետ համատեղ: