07:16 | 12.09.12 | Նորություններ | 2847
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏելի (Beeline ապրանքանիշ) ներկայացուցիչները հանդիպել են Արմավիրի մարզի Լեռնագոգ եւ Մյասնիկյան գյուղի ուսուցիչների հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագրի շրջանակում, հայտնել են ընկերությունում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման, դրանց կիրառումով ուսումնասիրվող նյութերի յուրացման արդյունավետության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ ուսուցիչների ինքնակրթման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Մասնակիցները ընդգծել են գյուղերում նման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քանի որ ժամանակակից իրողության մեջ կարեւոր է ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային գիտելիքների հավասար հասանելիությունը:
Ուսուցիչները կարեւորեցին համակարգչային գրագիտության բարձրացման ծրագրի իրականացումը, քանի որ մանկավարժների մասնագիտական պատրաստվածության, մեթոդական կարողությունների եւ հմտությունների մակարդակով է պայմանավորված աճող սերնդի ոչ միայն կրթվածության ցուցանիշը, այլեւ արժեհամակարգը:
«Ժամանակակից հասարակությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների անընդհատ թարմացում եւ արդիականացում: Իրականացնելով այս դասընթացը մենք նպատակ ունենք բարձացնել ուսուցիչների համակարգչային գրագիտությունը եւ նպաստել ուսուցման գործընթացում թվային տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմանը` Հայաստանում կրթական մակարդակի բարձացման նպատակով», - նշված է ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի ուղերձում ծրագրի մասնակիցներին:
«Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների կիրառման միջոցով» ծրագիրն իրականացվում է ԱրմենՏելի եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամի միջեւ ստորագրված երկարատեւ փոխհամաձայնության հուշագրի շրջանակում: Այս տարի ծրագիրն իրականացվել է Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 6 գյուղում, որի ընթացքում ավելի քան 100 ուսուցիչ, անցնելով համապատասխան դասընթացներ, ձեռք բերեցին հիմնական համակարգչային գիտելիքներ, ծանոթացան ինտերնետում աշխատելու եւ տեղեկատվական ռեսուրսներն ուսումնական գործընթացում օգտագործելու սկզբունքներին: