17:08 | 07.08.12 | Նորություններ | 3634

Ամառային ճամբարն արդեն երրորդ անգամ Orange-ի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին

Երեւան/Մեդիամաքս/. Orange Հիմնադրամի եւ «Արաբկիր» Միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի միջեւ համագործակցության շրջանակներում աուտիզմով երեխաներն ամառային հանգիստն արդեն երրորդ անգամ անցկացնում են Ապարանի ամառային առողջարանային ճամբարում:

Ամառային առողջարանային ճամբարը Orange Հիմնադրամի կողմից արդեն երրորդ տարին ֆինանսավորվող ծրագրի մի մասն է միայն, իսկ ամբողջ ծրագիրը շատ ավելի ընդարձակ է եւ ներառում է մի քանի նախագիծ:

Երեւանում մեկ եւ մարզերում յոթ վերականգնողական կենտրոններ վերազինվել են անհրաժեշտ հատուկ սարքավորումներով եւ խաղերով:

Երեւանյան երկու դպրոցում ու երկու մանկապարտեզում, ինչպես նաեւ Կոտայքի մարզի 4  դպրոցներում եւ 4 մանկապարտեզներում իրականացվել են աուտիզմի մասին իրազեկման դասընթացներ, որոնց մասնակցել են ընդհանուր թվով 200 մանկավարժ, երեխա եւ ծնող: 

«Արդեն 20 տարի ի վեր իր գործունեության բոլոր երկրներում Orange-ն աուտիզմով երեխաների մասին հոգածությունը սահմանում է որպես իր մարդասիրական ծրագրերի հիմնական ուղղություններից մեկը: Ամառային ճամբարն արդեն երրորդ անգամ Orange Հիմնադրամի աջակցությամբ ընդունում է աուտիզմով երեխաներին, որոնց համար այնքան կարեւոր է ունենալ շփում եւ ժամանց», - ասել է Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

2012թ. ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը հատկացրել է ընդհանուր առմամբ 25 869 000 դրամ: