13:30 | 06.08.12 | Նորություններ | 1351

Ապագայի քաղաքի 8 առանձնահատկությունները

Երեւան/Մեդիամաքս/. Հարավային Կորեայում $35 մլրդ-ով կառուցվող Սոնգդո ապագայի քաղաքի հեղինակները այն հագեցնում են այնպիսի ենթակառուցվածքներով, որոնք պետք է որ հետաքրքրեն աշխարհի այլ, այդ թվում՝ Հայաստանի քաղաքների իշխանություններին:

1.    Պնեւմատիկ աղբահանություն

Անճոռնի աղբարկղերի եւ աղմկոտ աղբահավաք մեքենաների փոխարեն ամբողջ աղբն ընդունվում է հատուկ մեքենաների կողմից, որոնք ստորգետնյա հատուկ համակարգով ուղղորդում են այն դեպի վերամշակման կայան: Համակարգին միացված են բոլոր շենքերը, աղբահանության համակարգը կառուցված է կոյուղու անալոգիայով:

2.    Ընդարձակ ստորգետնյա ավտոկայանատեղեր

Քաղաքի ավտոկայանատեղերի 95%-ը ստորգետնյա է, ինչը տարածք է ազատում կանաչ գոտիների համար:

3.    «Խելացի» ջրամատակարարման համակարգ

Սոնգդոն ունի 3 տեսակի ջրամատակարարման ցանցեր, որոնք նախատեսված են տարբեր նպատակների համար, այնպես, որ, օրինակ, խմելու ջուրը չի օգտագործվում ոռոգման կամ զուգարանի համար: Ամեն շենք իր հերթին ունի օգտագործված ջրի վերամշակման եւ երկրորդային օգտագործման համակարգ:

4.    Բարձր հստակության վիդեոկոնֆերանսների հնարավորություն

Բոլոր շենքերն ապահովված են հեռահաղորդակցության այնպիսի ցանցով, որը տալիս է բարձր հստակության (high definition) վիդեոկոնֆերանսների հնարավորություն:

5.    Բնակարանների եւ շենքերի ավտոմատացում

Սոնգդոյի բնակիչները կարող են կառավարել իրենց բնակարանները բջջային հեռախոսներից եւ համակարգչից, բացել դռները մատնահետքերով եւ այլն:

6.    Քաղաքային ենթակառուցվածքները կառավարվում են սենսորներով

Սոնգդոն գերհագեցած է սենսորներով, եւ բազմաթիվ գործողություններ, որոնք մեզանում ենթադրում են ֆիզիկական աշխատանք, այնտեղ կատարվում են սենսորների միջոցով:

7.    Ջեռուցում եւ էլեկտրիֆիկացում

Էլեկտրաէներգիան Սոնգդոյում արտադրվում է բնական գազի միջոցով; էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ օգտագործվող ջուրը կիրառվում է ջեռուցման համար:

8.    «Խելացի» գլխավոր հատակագիծ

Երբ քաղաքը կառուցվում է զրոյից, նախագծողների մոտ բացառիկ հնարավորություն կա հնարավորինս հարմար կերպով կառուցել տրանսպորտային ցանցը եւ բնակչության խտության բաշխումը: Սոնգդոն այնպես է նախագծված, որ առավել ակտիվ հաճախվող վայրեր հնարավոր լինի հասնել 10-15 րոպեում հեծանվով եւ ավտոմեքենա վարելու անհրաժեշտությունը հասցվի նվազագույնին: