Ըստ Apple-ի, խախտումների թվում են iPhone-ի եւ iPad-ի արտաքին դիզայնի կրկնօրինակումը
11:30 | 30.07.12 | Նորություններ | 1302
Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Կալիֆոռնիայում տեղի են ունենալու Apple-ի եւ Samsung-ի միջեւ պատենտային հակամարտության շուրջ դատական լսումները, որոնք պատմության մեջ նման տեսակի խոշորագույն գործերից են:
Երկու ընկերությունները մեղադրում են իրար մտավոր սեփականության իրավունքների խախտման համար, մինչդեռ նրանց երկուսին բաժին է հասնում սմարթֆոնների համաշխարհային շուկայի կեսից ավելին, գրում է BBC-ն:
Չնայած այն փաստին, որ Apple-ն իր արտադրանքի բաղադրամասերից շատերը գնում է հենց Samsung-ից, ընկերությունները չեն կարողացել համաձայնության գալ պատենտների փոխադարձ լիցենզավորման հարցում:
Samsung-ը պնդում է, որ այն աշխատում էր դիսփլեյի գերակայությամբ եւ մեկ կոճակով սարքերի նախագծման վրա մինչեւ iPhone-ի ի հայտ գալը
Նկարը՝ Samsung
Դատական գործը հարուցվել է այս տարվա ապրիլին Apple-ի հայցով, որին հաջորդել է Samsung-ի պատասխան հայցը: Այնուհետեւ դատարանը որոշել է միավորել հայցերը մեկ ընդհանուր գործում:
iPhone-ի արտադրողը Samsung-ից պահանջում է $2.5 մլրդ-ի վնասների հատուցում՝ իր հավաստմամբ, 7 պատենտային եւ առեւտրային խախտումների համար: Ըստ Apple-ի, խախտումների թվում են iPhone-ի եւ iPad-ի արտաքին դիզայնի կրկնօրինակումը, ինչպես նաեւ այդ սարքերի ինտերֆեյսի տարրերի ընդօրինակումը, ինչպիսիք են «հետ քայլ»-ի համար կենտրոնական կոճակի օգտագործումը եւ նկարները խոշորացնելու (zoom) համար դիսֆլեյին երկար սեղմելը:
Samsung-ն իր հերթին մեղադրում է Apple-ին 5 պատենտային խախտումների համար, ինչպիսիք են, մասնավորապես, բջջային հեռախոսի կողմից 3G տեխնոլոգիայի օգտագործման հնարավորությունը, հեռախոսի, թվային տեսախցիկի եւ էլեկտրոնային փոստի ինտեգրումը մեկ սարքում, երաժշտություն լսելու հնարավորությունը այլ հավելվածից օգտվելու ժամանակ:
Samsung-ը պնդում է նաեւ, որ Apple-ն էլ իր հերթին iPhone-ը նախագծելիս օգտագործել է ճապոնական Sony-ի սարքի կոնցեպտը
Նկարը՝ Samsung
«Samsung-ը պետք է սկսի խաղալ կանոններով. ստեղծի իր սեփական արտադրանքը եւ դադարի համատարած կրկնօրինակումը»,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ:
Մինչդեռ Samsung-ը պնդում է, որ այն աշխատում էր դիսփլեյի գերակայությամբ եւ մեկ կոճակով սարքերի նախագծման վրա մինչեւ iPhone-ի ի հայտ գալը, հավելելով, որ Apple-ն էլ իր հերթին iPhone-ը նախագծելիս օգտագործել է ճապոնական Sony-ի սարքի կոնցեպտը՝ ներկայացնելով համապատասխան էսքիզներ: