09:52 | 15.06.12 | Նորություններ | 2025

Facebook-ում գովազդը հասցեական կդառնա

Երեւան/Մեդիամաքս/. Facebook-ը մտադիր է իրական ժամանակի ռեժիմում գովազդի տեղադրման Facebook Exchange ծառայություն ներդրել:

Ինչպես այսօր գրում է Վեդոմոստին, դրա շնորհիվ գովազդատուները կկարողանան ավելի հասցեական դարձնել իրենց գովազդը սոցիալական ցանցի օգտատերերի համար: Facebook-ի ներկայացուցիչ Էնի Տան պարզաբանել է, որ սոցցանցը կբացահայտի եւ կվերլուծի օգտատերերի նախապատվությունները:

Cookies  ֆայլերի օգնությամբ, որոնցում պահպանվում է տվյալ IP-հասցեից այցելած էջերի մասին տեղեկատվությունը, Facebook-ը մտադիր է պարզել, ինչով են հետաքրքրվում այս կամ այն օգտատերերը եւ ապագայում նրանց համապատասխան բովանդակության գովազդ ցուցադրել:  

Մինչ այժմ նպատակային գովազդը տեղադրվում էր Facebook-ում՝  հաշվի առնելով միայն այն տեղեկությունները, որոնք օգտատերերը հայտնում էին գրանցման ժամանակ, ինչպես նաեւ այն էջերն եւ հղումները, որոնք մարդիկ նշում էին Like կոճակի միջոցով:

Նախորդ տարի Facebook-ի հասույթը գովազդից կազմել է $3,15 մլրդ: