15:59 | 11.06.12 | Նորություններ | 988
Երեւան/Մեդիամաքս/. Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնը (AITC) եւ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամում հունիսի 20-ից հուլիսի 11-ը կանցկացվի «Ժամանակակից ձեռնարկատիրական գործունեություն`ինչպես ստեղծել եւ զարգացնել ձեր բիզնեսը» նոր դասընթացը:
Դասընթացը կանցկացնի Մկրտիչ Թադեւոսյանը, ով իր մասնագիտական կրթությունը ստացել է Ֆրանկֆուրտի ֆինանսների եւ կառավարման դպրոցում, Ավստրիայի՝ Joint Vienna Institute-ում, Բերքլի քոլեջում եւ Զագրեբի համալսարանում:
Մկրտիչ Թադեւոսյանը ավելի քան 10 տարի է աշխատում է Անելիք բանկում եւ այժմ ղեկավարում է բանկի ուսումնական կենտրոնը:
Դասընթացը նախատեսված է տնտեսագիտական կրթություն ունեցող անձանց, ֆինանսական, հաշվապահության, ձեռնարկատիրական, վարկային եւ այլ բնագավառում աշխատող մասնագետների, ինչպես նաեւ բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է ձեռնարկատիրական գործունեության վերլուծության, ախտորոշման, գնահատման, պլանավորման, արդյունավետության բարձրացման եւ զարգացմանը վերաբերող հարցերը:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կստանան կիրառական գիտելիքներ եւ հմտություններ Ժամանակակից աշխարհում գործող բիզնես-գաղափարների առաջացման աղբյուրների, բիզնեսների հաջողության բնութագրերի, դրանց վերլուծության, գնահատման, բիզնեսի պլանավորման (ինչպես կազմել Բիզնես պլան) եւ իրականացման, կիրառական մարկետինգի հիմունքների, ժամանակակից կառավարման մեթոդների, Հայաստանում գործող բիզնեսների առանձնահատկությունների, բանկերի հետ համագործակցության, ՀՀ հարկային համակարգի, առկա դժվարությունների եւ դրանց հաղթահարման ուղիների հետ:
Դասընթացն ընդգրկում է համակարգչով բիզնեսի պլանավորման եւ գնահատման մոդելավորման հատուկ մաս, որտեղ մասնակիցները կսովորեն ինքնուրույն կատարել բիզնեսի գնահատում ցանկացած տիպի գործունեության համար, կայացնել որոշումներ արդյունավետության բարձրացման համար:
Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան դասընթացի մասնակցության վկայական, ինչպես նաեւ կանցկացվի թեստավորում: Լավագույն ցուցանիշներով մասնակիցներին դասընթացավարը կտրամադրի երաշխավորագրական նամակներ՝ ձեռնարություններում, բանկերում կամ վարկային կազմակերպությունում աշխատելու համար:
Դասընթացի ընդհանուր տեւողությունն է 30 ժամ, այն կանցկացվի երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին 18:30-ից 21:30-ը:
Դասընթացը տեղի կունենա Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, 1-ին հարկ, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ):
Դասընթացի լեզուն հայերեն է, մասնակցության վճարը՝ 65 000 դրամ:
Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը` այցելելով հttp://www.aitc.am/eng/online_registration մինչեւ հունիսի 18-ը: Հարցերի դեպքում զանգահարել 010 55 68 10: Կորպորատիվ դասընթացի համար պետք է դիմել r.safaryan@armindia.am հասցեով, կամ զանգահարել Հայ-հնդկական կենտրոն: