15:45 | 07.06.12 | Նորություններ | 2207

ԱրմենՏել-ը սկսել է Արարատի եւ Արթիկի թվայնացման աշխատանքները

Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (Beeline ապրանքանիշ) հայտարարել է Արարատ եւ Արթիկ քաղաքներում, ինչպես նաեւ Արթիկի շրջանի Հառիճ, Անուշավան, Գետափ, Սարալանջ եւ Նահապետավան գյուղերում ԱՀԿ-ների եւ բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքների մեկնարկի մասին:

Արարատ քաղաքի թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ, իսկ Արթիկ քաղաքի եւ մոտակա գյուղերինը` օգոստոսի սկզբին, ինչը թույլ կտա վերոհիշյալ բնակավայրերի բնակիչներին ապահովել թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններով:

«Լարային ցանցում կատարվող ներդրումները թույլ կտան ընկերությանը պահպանել Հայաստանի հեռահաղորդակցության շուկայի առաջատարի դիրքը եւ մատուցել ձայնային կապի եւ գերարագ ինտերնետ հասանելիության բարձրորակ ծառայություններ», – նշել է ընկերության ղեկավար Իգոր Կլիմկոն:

2012թ. մայիսի դրությամբ  թվային կայաններին միացված է ԱրմենՏել-ի ֆիքսված կապի բաժանորդների 83%-ը: