14:46 | 04.06.12 | Նորություններ | 3666

«Orange ֆուտբոլասերների գավաթ» մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրել է «The Champions» հայկական թիմը

Երեւան/Մեդիամաքս/. Orange-ը դեպի Փարիզ եւ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա ԵՎՐՈ 2012-ի բացման խաղը դիտելու կճանապարհի «Orange ֆուտբոլասերների գավաթ» համաեվրոպական մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրած «The Champions» հայկական թիմին: Այս մասին այսօր հայտնել են ընկերության գրասենյակում:

«Մրցաշարին մասնակցել է 11 968 թիմ, որից 1212-ը Հայաստանից են»,- ասել է Orange  Armenia-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը: 

«ԵՎՐՈ 2012-ը ֆուտբոլասերների համար կլինի տարվա իրադարձությունը: Բազմաթիվ բաժանորդներ Orange-ից ստացել եւ դեռ ստանալու են տոմսեր տարբեր խաղերի համար: Համոզված եմ, այս թիմին սպասում է անմոռանալի ֆուտբոլային արկած»,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«The Champions»-ը մի շարք խաղ-մրցույթներից բացի մասնակցել է նաեւ տեսամրցույթի, ներկայացնելով փոքրիկ տեսագրություն իրենց թիմի մասին, եւ զբաղեցրել երկրորդ տեղը: «Թիմում 11 հոգի ենք, խաղ-մրցույթին մասնակցել ենք մարտի 16-ից, իսկ հիմա պատրաստվում ենք դիտել ԵՎՐՈ 2012-ի բացման խաղը»,- նշել է «The Champions»-ի ավագ Միքայել Մարգարյանը:

«The Champions»-ը երկու օրից կմեկնի Փարիզ` որպես պատվավոր հյուր, ապա Վարշավա` ներկա լինելու առաջնության բացման խաղին: