ԱրմենՏել-ի տնօրեն Իգոր Կլիմկոն
14:15 | 04.06.12 | Նորություններ | 3083
Երեւան/Մեդիամաքս/. ԱրմենՏել-ը (ապրանքանիշը Beeline) եւ Մանկական զարգացման հիմնադրամն այսօր հայտարարել են սոցիալական ծրագրերի իրականացման ոլորտում համագործակցության մեկնարկի մասին:
Ինչպես այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱրմենՏել-ի տնօրեն Իգոր Կլիմկոն, համագործակցության նպատակն է աջակցել հատուկ կարիքներով երեխաների ինտեգրմանը հասարակությանը ուսումնական ծրագրերի եւ արվեստի թերապիայի միջոցով:
Համագործակցության շրջանակներում ստեղծվելու է ներառական թատերական խումբ: Հատուկ կարիքներ ունեցող երեխաները եւ հանրակրթական դպրոցների սաները կներգրավվեն մանկական թատերական ներկայացումներում, որոնք բեմադրվելու են փորձառու թատերական մասնագետների եւ մանկական հոգեբանների օգնությամբ: Ծրագրի ընթացքում «Ես ուզում եմ հավատալ» թատերական ներկայացումը կբեմականացվի Երեւանի, Վանաձորի եւ Գյումրիի ներառական եւ հանրակրթական դպրոցներում: Առաջին ներկայացումը հասանելի կլինի հայ հանդիսատեսին սեպտեմբերի սկզբին:
«Այս նախաձեռնության շնորհիվ հատուկ կարիքով երեխաները հաղորդակից են դառնում թատերական արվեստին, ինչը լավագույնս նպաստում է նրանց առողջական վիճակի եւ հոգեկան ներդաշնակ զարգացմանը: Սա նաեւ հնարավորություն է իրազեկելու հասարակությանը, որ յուրաքանչյուր երեխա հավասար հնարավորություններով ապրելու իրավունք ունի», - նշել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:
Հիմնադրամը հիմնվել է 2007 թ-ին «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության կողմից: