16:18 | 25.05.12 | Նորություններ | 3314

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Գորիսի պետական համալսարանին տրամադրել է ժամանակակից սարքավորումներ

Երեւան/Մեդիամաքս/. ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթությանն աջակցության ծրագրի շրջանակներում ներդրում է կատարել Սյունիքի մարզում գործող պետական միակ համալսարանում:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը Գորիսի պետական համալսարանին տրամադրել է ինտերակտիվ 2 գրատախտակ լուսարձակներով, լազերային 2 տպիչ,  «Home-Zone Turbo» փաթեթի շրջանակում գործող 3G երթուղիչներ եւ ինտերնետ հասանելիությամբ 10 համակարգչով ապահովված լսարան: Ընկերության տրամադրած Wi-Fi կապը համացանցից անվճար օգտվելու հնարավորություն կապահովի համալսարանի գրեթե ամբողջ տարածքում:

45 տարի առաջ Գորիսում հիմնադրված բուհը ռազմավարական կարեւոր նշանակություն ունի` Հայաստանի հարավային տարածաշրջանում պետական միակ համալսարանը լինելու առումով: Այն բարձրագույն կրթությամբ կադրեր է պատրաստում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Արցախի համար: 

«Մենք կարեւոր ենք համարում երիտասարդների ներուժը բացահայտելու եւ կրթվելու նրանց իրավունքը խրախուսելու արդար մոտեցումը: Մայրաքաղաքից մեծ հեռավորության վրա գտնվելու փաստը չպետք է էական խոչընդոտ հանդիսանա գոյություն ունեցող ժամանակակից լուծումներից օգտվելու համար: Գիտելիքների զինանոցից արդյունավետ օգտվելու հարցում կարեւոր դեր ունեն տեխնիկական միջոցները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի այստեղ գտնվելն ապացուցում է կարեւոր այդ նպատակներին հասնելու մեր վճռականությունը»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գորիսի պետական համալսարանի հետ հեռահաղորդակցության առաջատար օպերատորի համագործակցությունը դրսեւորվել է նաեւ ուսանողների համար կազմակերպված մասնագիտական պրակտիկայի`տեսական գիտելիքները գործնականի հետ համադրելու փորձի փոխանակման տեսքով: Իրականացվել է նաեւ կրթական հիմնադրամի միջոցով` սոցիալապես անապահով 18 ուսանողի ուսման վարձավճարի փոխանցման ծրագիրը: