13:26 | 24.05.12 | Նորություններ | 2664

Երեւանում կիբեռանվտանգության թեմայով սեմինար է անցկացվում

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում մեկնարկել է կիբեռանվտանգության թեմայով երկօրյա սեմինար:

Սեմինարը կազմակերպվել է Հայաստանի Եվրոպական  տարածաշրջանային ակադեմիայի եւ Նյու-Յորքի Ալբանի պետական համալսարանի կողմից` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Այն նպատակ ունի ընդլայնել կիբեռ եւ տեղեկատվական  անվտանգությամբ ու հանցագործություններով զբաղվող պետական տարբեր մարմինների եւ միջազգային դերակատարների համագործակցությունը, հայտնել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակում:

Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ ՀՀ հարկային ծառայությունից,  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից, մասնավոր կառույցներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից եւ կրթական ոլորտից:

Մասնակիցները կքննարկեն սոցիալական ցանցերի ազդեցությունը քաղաքական փոփոխությունների վրա, անվտանգության եւ գաղտնիության խնդիրերը սոցիալական ցանցերում, կրիտիկական ենթակառուցվածքների սպառնալիքները եւ գաղտնիության ու անվտանգության քաղաքականությունը, ինչպես նաեւ այնպիսի փորձաքննության վերլուծության իրավական եւ տեխնոլոգիական ասպեկտները, ինչպիսիք են ցանցային, էլ.փոստի եւ համացանցի, անլար եւ ձեռքով իրականացվող փորձաքննությունը: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինի էլեկտրոնային անձնագրերի վերաբերյալ քննարկումը, քանի որ Հայաստանում ս.թ. հունիսի 1-ից կներդրվի բիոմետրիկ անձնագրերի համակարգ: