16:50 | 04.05.12 | Նորություններ | 827

Պոլիտեխնիկում կհիմնվեն 30 ճարտարագիտական լաբորատորիաներ

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) տարածքում կստեղծվի Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա, որը կընդգրկի համալսարանի 6 հիմնական ուղղությունները ներկայացնող 30 լաբորատորիաներ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի միջեւ հուշագիր է ստորագրվել Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիայի հիմնադրման վերաբերյալ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել է, որ շուրջ $6 մլն-ի արժողությամբ ծրագիրը կիրականացվի 2-3 տարիների ընթացքում:
Նախարարի խոսքով, ներդրումների կեսը ապահովելու են «ամերիկյան գործընկերները», 20%՝ ՀՀ կառավարությունը, 10%՝ ՀՊՃՀ-ն, մնացածը՝ National Instruments ընկերությունը, որը նաեւ տեխնիկական աջակցություն կցուցաբերի:   

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին ասել է, որ լաբորատորիայի ստեղծումը հնարավորություն կընձեռի Հայաստանում ձեւավորել այդ ոլորտին անհրաժեշտ ուժը:

«Հայաստանը ՏՏ ոլորտում մրցակցային հնարավորություններ ունի, մենք համագործակցում ենք տարբեր օղակների հետ՝ այս ոլորտում կարողությունները զարգացման համար», - ասել է դեսպանը: